«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական բանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ բանտից:
—
Գերմանիայի կանցլեր Մերցը, Ալիևի հետ հանդիպելուց և ռազմավարական բնույթի համաձայնության գալուց հետո, զանգահարել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Նիկոլ Փ․-ին։
Թեև հանդիպման և, առավել ևս, հեռախոսազրույցի բովանդակության մասին տեղեկատվությունն ամբողջական չէ, բայց հայտնի է, որ շոշափվել է հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության գործընթացը։ Թե ինչ է սա նշանակում՝ կներկայացնեմ մեկ պարբերություն հետո։ Մինչ այդ՝ նախ Մերցի կերպարի մասին։
Գերմանիայի կանցլերն իր երկրի ներսում ունի շատ ցածր լեգիտիմություն։ Նա ԵՄ անդամ երկրների այն ղեկավարներից է, որը հանդիսանում է ՌԴ «գլոբալ պատերազմի» կուսակցության ներկայացուցիչ՝ չնայած այն հանգամանքին, որ պատերազմից տուժում է Գերմանիայի տնտեսությունը, և անկում է գրանցվում շարքային գերմանացու կենսամակարդակում։
Դատելով ամենից՝ Մերցն ու Ալիևը պայմանավորվածության են եկել վառելիքաէներգետիկ թեմայով։ Ալիևը, որպես այդ պայմանավորվածության կյանքի կոչմանը նպաստող գործոն, առաջ է քաշել Հայաստանի կողմից զիջումների գնալու հարցը։ Հենց այդ թեմայով էլ Մերցը խոսել է Նիկոլ Փ․-ի հետ։
Հիշեցնենք, որ Ալիևը հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացում մի շարք նախապայմաններ ունի, որոնց մի մասը հետևյալն է՝
ա) ՀՀ սահմանադրության փոփոխությունը և ՀՀ անկախության հռչակագրից փաստացի հրաժարումը,
բ) Ադրբեջանի պայմաններով սահմանագծման և սահմանազատման իրականացումը՝ ՀՀ-ի միակողմանի զիջումների տարբերակով,
գ) «Զանգեզուրի միջանցքի» արագ հանձնումը,
դ) ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։
Նիկոլ Փ․-ն այս և այլ նախապայմաններին համաձայնվել է, բայց ժամանակ է խնդրում իր դրսի հովանավորներից՝ ճիշտ այնպես, ինչպես 2018-ից հետո Ալիևից էր ժամանակ խնդրում՝ Արցախը հանձնելու համար։
Մերցը հենց այդ ժամանակը սեղմելու նպատակով է խոսել Նիկոլ Փ․-ի հետ, քանզի առջևում ձմեռ է, և Ադրբեջանից եկող գազի կարիքն ունի Գերմանիան։
Մի խոսքով՝ Նիկոլ Փ․-ին վերընտրեցրած ԵՄ չինովնիկներն ու Ալիևը գալիս են իրենց աջակցության գնի հետևից՝ «պարտքը հատուցմամբ է գեղեցիկ» թեմայով։
Թե ինչպես է իրեն պահելու «խաղաղասեր» Նիկոլ Փ․-ն, դժվար չէ կռահել։ Նրանից պահանջում են Հայաստանի անկախության և անվտանգության նշաձողի իջեցում՝ ճիշտ այնպես, ինչպես 2022 թ. հոկտեմբերի 6-ից առաջ էին պահանջում Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողի իջեցում (արդյունքում Արցախը հայաթափվեց)։
2-րդ տարբերությունն այն է, որ 2022 թ. Պրահայում Նիկոլ Փ․-ն ֆիզիկապես ներկա էր Արցախի հանձնման որոշմանը, իսկ հիմա նրան ընդամենը տեղյակ են պահում, թե Հայաստանի նշաձողի մասին ինչ են որոշել Ալիևի հետ։
Նիկոլ Փ․-ն այլ տարբերակ չունի, դրա համար էլ անում է այն, ինչ թելադրում են դրսից, քանի որ իր, Մերցի, Մակրոնի, Ալիևի, Էրդողանի հարաբերություններն ասիմետրիկ են։ Ալիևը, Էրդողանը, Մերցը, Մակրոնը և մյուսներն իրենց իշխանությամբ պարտական չեն Նիկոլ Փ․-ին։ Փոխարենը վերջինս գրեթե 100 տոկոսով պարտական է նշյալ գործիչներին՝ ՀՀ վարչապետի աթոռին մնալու համար։
Հայաստանի քաղաքական սուբյեկտները պետք է իրենց ադեկվատ պահեն ստեղծված իրավիճակում։
Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ