
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել անօդաչու աէրոտաքսիի առաջին ցուցադրական թռիչքը։ «AutoFlight Prosperity» էլեկտրական օդանավի փորձարկումը կազմակերպվել է ղազախական «Alatau Advance Air Group» և չինական «AutoFlight» ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ։
Թռիչքն ու վայրէջքն իրականացվել են ուղղահայաց եղանակով «Կազանատ» ձիարշավարանի տարածքում։ Թռիչքը տևել է 10 րոպե, որի ընթացքում աէրոտաքսին, երկու պտույտ կատարելով, անցել է 2,4 կիլոմետր հեռավորություն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սարքավորման մեջ մարդիկ չեն գտնվել. կառավարումն իրականացվել է ավտոմատ ռեժիմով՝ նախապես սահմանված հետագծով։
«AutoFlight Prosperity» մոդելը նախատեսված է մեկ օդաչուի և հինգ ուղևորի համար։ Սարքն ունի 13 էլեկտրական շարժիչ, կարող է զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն և առանց վերալիցքավորման հաղթահարել մինչև 200 կիլոմետր տարածություն։