
Հունական իշխանությունների բազմամյա ջանքերը պսակվել են հաջողությամբ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Օլիմպոս լեռը դասել է աշխարհի նշանավոր հուշարձանների շարքին։ Որոշումն ընդունվել է Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանի ընթացքում։ Հին Հունաստանի աստվածների առասպելական օրրանը միաձայն ճանաչվել է բնական և մշակութային բացառիկ արժեք ներկայացնող օբյեկտ։
Օլիմպոսի ներառումը համաշխարհային ցանկում երկրի իշխանությունների վերջին 12 տարիների հետևողական աշխատանքի արդյունքն է։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այս իրադարձությունն անվանել է համազգային առաջնահերթ հաջողություն՝ ընդգծելով, որ այսուհետ առասպելական Օլիմպոսը պատկանում է ողջ մարդկությանը և գտնվում է միջազգային պաշտպանության տակ։ Երկրի ամենաբարձր լեռնագագաթը (2918 մետր) աչքի է ընկնում ուրույն բնական լանդշաֆտով, հարուստ կենսաբազմազանությամբ և պատմամշակութային ու կրոնական բազմաթիվ հուշարձանների միահյուսմամբ։
Բուսանում ընթացող նույն նստաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում են ընդգրկվել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Նորմանդիա մարզում դաշնակից զորքերի վայրէջքի հինգ ափերը։ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը արձանագրել է, որ այդ տարածքում պահպանվել են գերմանական ամրությունների մնացորդները, ռմբակոծությունների հետքերն ու սուզված նավերը, որոնք խորհրդանշում են Եվրոպայում խաղաղության վերականգնման պատմական շրջադարձը։