Այս տարվա առաջին կիսամյակում (2026 թ․ հունվար-հունիս) Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել գրեթե 1 տրլն 111 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Ցանկը հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն։
Նախորդ տարվա նույն կիսամյակի առաջին հազար հարկատուների վճարած հարկերի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 125 մլրդ դրամով կամ 12.7%-ով։
Այս անգամ երկրի խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) է, որն առաջին կիսամյակում վճարել է 41.7 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԶՊՄԿ-ի հարկերը կրկնակի աճել են։ Ընկերությունը շահագործում է Քաջարանի (Սյունիքի մարզ) պղնձամոլիբդենային հանքավայրը, որն այս պահին ամենախոշորն է Հայաստանում։
Տնտեսվարողների հարկային մուտքերի աճին նպաստող գործոնները բազմաթիվ են, սակայն պետք է հաշվի առնել, որ նախորդ տարի ԶՊՄԿ-ն էապես նվազեցրել էր վճարումները, ուստի դրանց համեմատությամբ այս տարվա աճը բարձր է ստացվում։ Ընկերությունում նախորդ տարվա ցածր ցուցանիշները բացատրել էին ավելի վաղ կատարված կանխավճարներով։
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն է (ապրանքանիշը՝ Mobile Centre), որը վերջին երեք տարիներին պարբերաբար գլխավորել է ցուցակը։
Ընկերությունը զբաղվում է հիմնականում հեռախոսների ու համակարգիչների ներմուծմամբ, վաճառքով և վերաարտահանմամբ։ Հունվար-հունիսին Mobile Centre-ը վճարել է 38.2 մլրդ դրամի հարկեր՝ 16%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ամիսներին։ Չնայած այս անգամ առաջատարը չէ, ընկերությունը դարձյալ առաջ է «Գրանդ տոբակո»-ից, «Գազպրոմ Արմենիա»-ից, ինչպես նաև բարձր հորիզոնականներ զբաղեցնող բանկերից ու խաղային ոլորտի ընկերություններից։
Մասնավորապես, «Արդշինբանկ»-ը երրորդ խոշոր հարկատուն է՝ 33.6 մլրդ դրամի հարկերով և 20% աճով, որն ապահովվել է հիմնականում շահութահարկի հաշվին։
Բանկին անմիջապես հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 31.5 մլրդ դրամի հարկերով (աճը՝ 12%)։
Առաջատար հնգյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն․ ընկերությունը վճարել է 28.9 մլրդ դրամի հարկեր, ինչը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 5%-ով։
Բանկային համակարգից խոշոր հարկատուների առաջին տասնյակում է հայտնվել նաև «Ամերիաբանկ»-ը՝ 22.2 մլրդ դրամի հարկերով (աճը՝ 4%)։
Շահումով խաղերի ոլորտի խոշոր խաղացողները, որոնք նաև ծրագրային ապահովման մշակմամբ են զբաղվում, ևս տասնյակում են՝ անմիջապես իրար հաջորդելով և բարձր աճի ցուցանիշներով։
Նրանցից առաջինը «Դիջիթեյն» ՍՊԸ-ն է (TotoGaming)՝ 17.9 մլրդ դրամի հարկերով (աճը՝ 62%), մյուսը՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն (Vbet)՝ 17.5 մլրդ դրամով (աճը՝ 76%)։
Խոշոր հարկատուների տասնյակում է նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 15.7 մլրդ դրամի հարկերով (աճը՝ 52%)։
Տասնյակը եզրափակում է Wildberries-ը, որը Հայաստանում ներկայանում է «Իմվբամ» ընկերությամբ։ Առաջին կիսամյակում այն վճարել է 13.9 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.6 անգամ։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ Wildberries-ին է պատկանում նաև Հայաստանում գրանցված «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 0.8 մլրդ դրամի հարկեր (նվազել է գրեթե 10 անգամ)։ Ըստ էության, Wildberries-ը հայաստանյան գործարքների մեծ մասը սկսել է կազմակերպել «Իմվբամ»-ի միջոցով։ Ամփոփելով՝ երկու ընկերությունները նախորդ տարվա առաջին կիսամյակում վճարել էին 13.3 մլրդ դրամի հարկեր, իսկ այս տարվա նույն կիսամյակում՝ 14.8 մլրդ դրամ։
Ի դեպ, այս անգամ խոշոր տասնյակից դուրս է մնացել տեխնիկայի առևտրով զբաղվող Vesta-ն («Փրիթի ուեյ» ՍՊԸ), որը ևս վերջին տարիներին ակտիվ ներգրավված էր վերաարտահանումներում և հայտնվել էր խոշորների բարձր հորիզոնականներում։ Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը զբաղեցրել է 114-րդ տեղը՝ վճարելով 1.6 մլրդ դրամի հարկեր։
Խոշոր հարկատուների առաջին քսանյակում են հայտնվել նաև այլ բանկեր, ծխախոտ ներմուծող ու արտադրող ընկերություններ, հեռահաղորդակցության օպերատորներ և այլն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter