ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն որոշում է կայացրել Ճապոնիայի Նարա պրեֆեկտուրայում գտնվող Ասուկայի ժամանակաշրջանի հնագիտական հուշարձանների խումբն ընդգրկել Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ «Ասուկայի և Ֆուձիվարայի պալատական մայրաքաղաքներ» անվանումը ստացած համալիրն ընդգրկում է VI դարից մինչև VIII դարի սկիզբն ընկած ժամանակահատվածի 19 հուշարձան։ Դրանք հիմնականում գտնվում են Ասուկա գյուղում, ինչպես նաև Կասիհարա և Սակուրայ քաղաքների տարածքներում։
Հուշարձանների թվում են Ասուկայի պալատի ավերակները, որտեղ, ենթադրաբար, գտնվել է կայսր Թեմմուի նստավայրը, ինչպես նաև Տակամացուձուկայի դամբարանը, որը հայտնի է իր հարուստ գունավոր որմնանկարներով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը մեկնաբանելով՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շարունակելու է սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ ավելի լավ ճանաչեն Ճապոնիայի Համաշխարհային ժառանգության օբյեկտների արժեքն ու գրավչությունը։
