
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջին անգամ հունիսյան խորհդարանական ընտրություններից ի վեր։
Ըստ պաշտոնական Երևանի, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։
Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի կառավարությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ասել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Հայաստանի կողմից անդամակցության հարցով Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո»։
Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը։
Ռուսական կողմը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել զրույցի մասին, Մոսկվան նաև մինչ օրս չի շնորհավորել Փաշինյանին կամ ՔՊ-ին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ