ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կհասնի Ուկրաինայում իրականացվող «հատուկ ռազմական գործողության» շրջանակում իր առջև դրված նպատակներին։
«Ռուսաստանի ժողովրդին ոչ ոք չի կարող կոտրել։ Այդպես երբեք չի եղել և երբեք չի լինի։ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին հատուկ ռազմական գործողության ընթացքում»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ունակ է հակազդելու բոլոր ոչ բարեկամական քայլերին, իսկ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, նրա խոսքով, արդյունավետ չեն եղել։
Պուտինի խոսքով՝ առաջիկա երեք տարիների բյուջեի առաջնահերթություններից են երկրի պաշտպանունակության ամրապնդումը, սոցիալական խնդիրների լուծումը և տնտեսության աջակցությունը։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ վերջին տարիները Ռուսաստանի համար դարձել են վճռորոշ փուլ, իսկ այսօր «խաղասեղանին ժողովրդի ապագան է»։