Եկամուտների հայտարարագիրը կարող է լրացնել նաև ձեր կողմից լիազորված անձը․ ՊԵԿ

Այսուհետ կարող եք լիազորել այլ անձի՝ ձեր փոխարեն լրացնելու ձեր տարեկան եկամուտների հայտարարագիրը։ Լիազորված անձը ձեր անունից կկարողանա մուտք գործել համակարգ, ներկայացնել հայտարարագիր, ինչպես նաև իրականացնել այլ նախատեսված գործողություններ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

Օրինակ՝ լրացնել սոցիալական ծախսի փոխհատուցման դիմում և այլն։ Հենց այս նպատակով ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի վեբ տարբերակում գործարկվել է լիազորության գործառույթը։

Իսկ ինչպե՞ս լիազորել։ Կա երկու տարբերակ։

Առաջին տարբերակով հայտարարատուն պետք է մուտք գործի համակարգ և իր անձնական էջի «Իմ լիազորված անձը» ենթաբաժնում լրացնի լիազորվող անձի տվյալները։ Այնուհետև լիազորվող անձը նույն համակարգի՝ արդեն իր անձնական էջում, պետք է հաստատի կամ մերժի իրեն տրված լիազորությունը։ Հաստատելու դեպքում տվյալ անձը կստանա լիազորված անձի կարգավիճակ։

Ի դեպ, հայտարարատուն կարող է նշել նաև լիազորության գործողության ավարտի ամսաթիվը, որի լրանալուց հետո լիազորված անձը համակարգում այլևս չի կարողանա որևէ գործողություն իրականացնել։

Մեկ այլ տարբերակով լիազորված անձ գրանցելու համար հայտարարատուն կարող է դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած սրահ՝ ներկայացնելով դիմում և լիազորագիր՝ միաժամանակ կցելով իր անձնագրի և լիազորվող անձի նույնականացման քարտի պատճենները։

Կարևոր է իմանալ, որ այս դեպքում հայտարարատուն կարող է չունենալ էլեկտրոնային ստորագրություն, մինչդեռ լիազորված անձը պարտավոր է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանա ներկայացնել հայտարարատուի տարեկան հայտարարագիրը։

Ի դեպ, հայտարարատուն անհրաժեշտ փաստաթղթերը Պետական եկամուտների կոմիտե կարող է ներկայացնել նաև առցանց՝ e-request.am հարթակի միջոցով։ Օրինակ՝ եթե դուք հայտարարատու եք, սակայն գտնվում եք արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով, առանց դժվարության, կկարողանաք ներկայացնել ձեր հայտարարագիրը։

Leave a Comment