Մահվան ելքով վրաերթ Երևանում Իսակովի պողոտայի կամրջի վրա

Երևանում՝ Իսակովի պողոտայում գտնվող «Երեքնուկ» կամրջի վրա, հուլիսի 27-ին գրանցվել է մահվան ելքով վրաերթ։

Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի 21-ամյա բնակիչ Արսեն Խ.-ն «Lexus» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի 62-ամյա բնակիչ Սեդրակ Ի.-ին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ վարորդը դեպքի վայրից չի հեռացել և ահազանգել է շտապօգնություն։ Ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկները փաստել են հետիոտնի մահը։

Տեղում աշխատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի և տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ովքեր սահմանազատել են տարածքը։

Իրավապահները դեպքի մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Ալավերդյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարությամբ «Lexus»-ը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

Վարորդն անցել է սթափության փորձաքննություն և եղել է սթափ։

Leave a Comment