Ժնևում ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չեն կարող համարվել «մարդու իրավունքների փարոս»։ Նման հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի լիազորությունների երկարաձգման քվեարկությունից հետո։
«Ժամանակին ԱՄՆ-ն մարդու իրավունքների փարոս էր։ Այլևս՝ ոչ։ Այսօր նրանք կանգնած են Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի կողքին՝ մեկուսացված վիճակում։ Եվ աշխարհն այլևս չի լսում նրանց»,- հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցչությունը։
Այսպես է մեկնաբանվել ՄԱԿ-ում Ֆոլկեր Թյուրքի՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում լիազորությունների երկարաձգման վերաբերյալ քվեարկությունը։ Դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իսրայելը, Արգենտինան և մի շարք այլ երկրներ։
Այս հայտարարությանը պատասխանել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայք Ուոլցը՝ նշելով, որ «Ֆրանսիան քվեարկել է հօգուտ այն մարդու, ով դասեր է տալիս ազատ և ինքնիշխան ժողովրդավարություններին, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Իսրայելը, միևնույն ժամանակ սիրախաղ անելով աշխարհի ամենադաժան ճնշողների հետ»։
Ֆոլկեր Թյուրքը իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս քննադատել է Իսրայելին՝ պաղեստինցիների դեմ իրականացվող գործողությունների համար։