Իրանն ու ԱՄՆ-ն չեն դադարեցրել բանակցությունները միջնորդ երկրների միջոցով

Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են անուղղակի բանակցությունները միջնորդ երկրների միջոցով։ Այս մասին ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ կողմերի միջև հաղորդագրությունները փոխանցում են Պակիստանն ու Կատարը։

 Միևնույն ժամանակ Բաղային ընդգծել է, որ Իրանի գլխավոր առաջնահերթությունը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։

«Միջնորդները կատարում են իրենց աշխատանքը, սակայն քանի դեռ մեր երկիրը ենթարկվում է ռմբակոծությունների և հարձակումների, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Իրանի պաշտպանության վրա»,- ասել է նա։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 24-ին հանձնարարել է նոր հարվածներ չհասցնել Իրանին։ Պարբերականի տվյալներով՝ այդ որոշումը պայմանավորված է ինչպես դիվանագիտական ճանապարհին ավելի մեծ հնարավորություն տալու ցանկությամբ, այնպես էլ այն գնահատմամբ, որ ԱՄՆ-ի հարվածներն արդեն հասել են իրենց առավելագույն արդյունավետությանը։

Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ թեև կարող էր ուժեղացնել հարվածները, սակայն «ավելի խելամիտ ռազմավարություն» է համարում համաձայնության հասնել Իրանի հետ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակի դադարեցման հրամանը տրվել է այն բանից մի քանի ժամ անց, երբ Օմանի պատվիրակությունը ժամանել էր Թեհրան՝ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։

Leave a Comment