«Դուք մեզ համար հնարավորություն եք ստեղծում՝ Ադրբեջանից մեծ ծավալով գազ ստանալու», — Բեռլինում հայտարարեց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ անցնող շաբաթ այդ երկիր պաշտոնական այց կատարած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցի ժամանակ։ Պատասխանը չուշացավ․ «Ադրբեջանը պատրաստ է ավելացնել էներգառեսուրսների մատակարարումը Եվրոպա»։
Ալիևի այցը Բեռլին ավարտվեց էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի ոլորտներում ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ։ Երկու կողմն էլ հատուկ ջանք թափեցին դրա քաղաքական նշանակությունն ուռճացնելու համար։ Կանցլեր Մերցը, Հարավային Կովկասի մեծացող նշանակության ֆոնին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը բնորոշեց որպես «անհրաժեշտություն»։ Սա վկայում է, որ Եվրոպան, ի դեմս դրա քաղաքական շոգեքարշի դեր կատարող երկրի, տարածաշրջանի տրանզիտային նշանակությունը, խաղաղությունն ու անվտանգությունը հավասարազոր և փոխլրացնող անհրաժեշտ կատեգորիաներ է համարում։ Եվ հենց այդ հանգամանքն էլ Ադրբեջանին ու Հայաստանին դրել է հետաքրքրական մրցակցային պայքարի մեջ ու թույլ է տալիս Բաքվին Եվրոպայում խաղալ ավելի խորամանկ։
Գերմանիայի տարեկան գազի սպառումը կազմում է շուրջ 80–85 մլրդ մ³։ Ռուսական «գազային ծրարից» զրկվելուց հետո Բեռլինը տենդագին այլընտրանքներ է փնտրում։ Ալիևը խոստանում է մինչև հաջորդ տարի Գերմանիա արտահանվող գազի ծավալը հասցնել 2 միլիարդ մ³-ի։ Դա Գերմանիայի տարեկան պահանջարկի ընդամենը 2,5%-ն է։ Իսկ ընդհանուր առմամբ՝ դեպի ամբողջ Եվրոպա Ադրբեջանի գազի արտահանումը կազմում է առավելագույնը 12 մլրդ մ³։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանն անցյալում Եվրոպային մատակարարում էր 150 մլրդ մ³-ից ավելի։
Ադրբեջանն այստեղ երբեք չի կարող փոխարինել Ռուսաստանին․ սակայն Եվրոպայում Բաքվի այդ «կաթիլին» վերաբերում են երկնային մանանայի պես։
«Բրյուսելյան վազանց»՝ ադրբեջանական ձևով
Գերմանիայից առաջ Ադրբեջանն արդեն ռազմավարական համագործակցության համաձայնագիր էր կնքել Իտալիայի հետ։ Սա պատահական ընտրություն չէ․ Իտալիան TAP գազամուղի վերջնակետն է՝ ադրբեջանական գազի եվրոպական հիմնական դարպասը և Եվրոպայի՝ մեծությամբ ու ազդեցությամբ երրորդ տնտեսությունը։ Գերմանիան ԵՄ թիվ 1 տնտեսությունն է, կարելի է ասել՝ քաղաքական կենտրոնը։
Բաքվի գործերը լավ չեն եվրոպական կառույցներում՝ Եվրոպառլամենտ, Եվրոպական միություն, որովհետև այստեղ ավելի անկաշկանդ են խոսում Ալիևի կառավարման ռեժիմի բնույթից, այդ երկրում համատարած ոտնահարվող իրավունքներից, ընդդիմության լիակատար բացակայությունից, նաև՝ ԼՂ-ում կատարած էթնիկ զտումից։ Ալիևը պարբերաբար սպառնում է խզել հարաբերությունները Եվրոպառլամենտի հետ, դուրս գալ Եվրանեսթից և ԵԽ-ից։ Այդ սպառնալիքների հերթական դոզան նա շաղ տվեց այս տարվա մայիսին՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Սա լուրջ գլխացավանք է Բաքվի համար։
Ուստի Ալիևը, զարգացնելով Գերմանիայի և Իտալիայի հետ հարաբերությունները ստրատեգիական մակարդակի, շրջանցում է Բրյուսելը։ Հաշվարկն ավելի քան պարզ է․ եթե քո «գրպանում» ունես ԵՄ երկու հսկաների՝ Իտալիային ու Գերմանիային (հիշեցնենք՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երևանյան ֆորումից անմիջապես հետո պաշտոնական այց կատարեց Բաքու, իսկ Գերմանիայի կանցլերն առհասարակ չեկավ Երևան), Բրյուսելի կոշտ բանաձևերը, հայտարարությունները կամ պատժամիջոցները պարզապես կմնան թղթի վրա։ Ձեռքի հետ էլ ունենալով ռազմավարական գործընկեր Եվրոպայի թիվ 1 և թիվ 3 տնտեսությունները՝ Բաքուն մտածում է չափավորել թիվ 2 տնտեսության՝ Ֆրանսիայի հայաստանամետ կեցվածքը և ցույց տալ, որ Ֆրանսիան ամենևին էլ Եվրոպան չէ։ Եվ այս իմաստով, թեև Ադրբեջանի եկամուտները մեծանում են Եվրոպա առաքվող գազի ծավալների սիմվոլիկ մեծացումից, սակայն այդ էներգակիրները, տարատեսակ գործարքները Ալիևի համար ավելի շատ Եվրոպային քաղաքականապես «կապկպելու» միջոց են։ Դրանք նաև հնարավորություն են՝ մեծացնելու Ադրբեջանի արժեքը Ռուսաստանը շրջանցելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի միջոցով Չինաստանի հետ կապելու եվրոպական ամբիցիոզ «Մեծ Միջին միջանցքի» ծրագրի շրջանակներում՝ որպես կապող ամենաառանցքային օղակներից մեկը։
Այս հավասարումներում ուշագրավ է դառնում նաև Բաքվի դիրքավորումը Ռուսաստանի հանդեպ։ Բաքուն իրեն փորձում է բրենդավորել ոչ միայն որպես Ռուսաստանի էներգետիկ այլընտրանք, այլև որպես Եվրոպայի ու Ռուսաստանի միջև անփոխարինելի «հետնաբեմային կամուրջ»։
Բեռլինում նա հայտարարեց, թե հուլիսի 12-14-ին Բաքվում են եղել Գերմանիայի նախկին պաշտոնյաներ (Ռոնալդ Պոֆալա, Մաթիաս Պլատցեկ) և Ռուսաստանի ներկայացուցիչներ (նախկին վարչապետ Վիկտոր Զուբկով), ինչը, ըստ Ալիևի, հիմնավոր է դարձնում The Times-ի տեղեկատվությունն այն մասին, թե այդ անձինք գաղտնի հանդիպում են ունեցել Բաքվում, որի ընթացքում քննարկել են ուկրաինական պատերազմն ավարտելու հարցը։ Ալիևը ձևացրեց, թե «իրենց տարածքից օգտվել են առանց իրենց տեղյակ պահելու», բայց նշեց, որ եթե դա կհանգեցնի պատերազմը իսկապես դադարեցնելուն, իրենք դեմ չեն։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Վիեննան ու Ժնևը կորցրել են իրենց չեզոք բանակցային հարթակի կարգավիճակը։ Բաքուն հմտորեն օգտագործում է դա՝ իրեն առաջարկելով որպես Ռուսաստանի և Եվրոպայի (մասնավորապես՝ Գերմանիայի) միջև ստվերային, ոչ ֆորմալ միջնորդ։ Հաշվարկը պարզ է․ Եվրոպային վաճառել «ռուսական գազից ազատվելու պատրանքը», իսկ Ռուսաստանին՝ «արևմտյան մեկուսացումից խուսափելու պատուհանը»։ Այս երկակի խաղը Բաքվին տալիս է «անձեռնմխելիության վահան» թե՛ Մոսկվայի, թե՛ Բեռլինի մոտ։ Այսպես, Բաքուն նաև փորձում է եվրոպական իր շախմատում նվազեցնել Ռուսաստանի հակազդեցության պոտենցիալը։
Հայաստանի ընտրանքը
Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են կոշտ աշխարհաքաղաքական ու լոգիստիկ մրցակցության մեջ։ Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես «Մեծ միջին միջանցքի» սիրտ։ Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց ստեղծված իրավիճակում ունի «ասիմետրիկ» առավելություններ, որոնք ճիշտ խաղարկելով՝ կարող է դիվիդենտներ ստանալ։
Առաջինը «մեկ դերակատարի» մոնոպոլիայի չեզոքացումն է։ Հայաստանը Եվրոպային պետք է բացատրի, որ Ադրբեջանից լոգիստիկ կախվածությունը նույնքան վտանգավոր է, որքան նախկինում Ռուսաստանից կախվածությունը, և Հայաստանն այստեղ կարող է հավասարակշռող դեր ունենալ։
Երկրորդը «Խաղաղության խաչմերուկ» կոմունիկացիոն գաղափարաբանության կենսագործումն է․ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը ավելի գլոբալ՝ Պարսից ծոց – Սև ծով միջակայքով, կարող է ապահովել ամենակարճ և անվտանգ այլընտրանքը։
Երրորդը «կանաչ» էլեկտրաէներգիայի առաջարկն է։ Հայաստանը կարող է ինտեգրվել Սև ծովի հատակով էլեկտրական կաբելի (Black Sea Subsea Cable) անցկացման նախագծին՝ Եվրոպային առաջարկելով արևային և ատոմային «կանաչ» էլեկտրաէներգիա։ Ի դեպ, Գերմանիայի հետ ադրբեջանական համագործակցությունը, ոչ պատահականորեն, նաև այս ոլորտն է շոշափում։
Եվ չորրորդը ԵՄ-ի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների զարգացումն է։ Եթե Ադրբեջանը վաճառում է «ավտորիտար կայունություն», Հայաստանը Եվրոպային առաջարկում է արժեքային ընդհանրություն։ ԵՄ ինտեգրման քաղաքականությունը, վիզաների ազատականացումը ստեղծում են դրա պլատֆորմային, իսկ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերի ամրապնդումը՝ նաև անվտանգային նախադրյալները։
Բայց անկախ ամեն ինչից՝ առկա իրավիճակը թելադրում է թե՛ գերմանական, թե՛ իտալական ուղղությունները, իսկ ավելի լայն իմաստով՝ եվրոպական երկրների հետ անհատապես դիվանագիտական աշխատանքը դարձնել տակտիկական գերխնդիր։
Գոռ Աբրահամյան
