Թեհրանը սպառնացել է պատասխանել իրանական նավի վրա Ուկրաինայի հարվածին – armeniatoday.am

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի նկատմամբ՝ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակումից հետո, հայտնել է IRIB-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ հայտարարությանը։

Իրանի ԱԳՆ-ն հուլիսի 25-ին հայտնել էր, որ հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Թեհրանը տեղի ունեցածն անվանել էր միջազգային իրավունքի խախտում և Կիևին մեղադրել հակամարտության էսկալացիայի մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն պաշտպանում է իր ազգային անվտանգությունն ու շահերը և անպատասխան չի թողնի իր քաղաքացիների կյանքի ու գույքի դեմ ոտնձգությունները»,- ասված է Իրանի ԱԳՆ-ն հուլիսի 26-ի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։

«Նրան է ներկայացվել Իրանի Իսլամական Հանրապետության վճռական բողոքի նոտան՝ կապված այդ թշնամական և հանցավոր գործողությունների հետ»,- նշել են գերատեսչությունում։

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին մարտին հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է Թեհրանի կողմից դիտարկվել որպես օրինական թիրախ՝ Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում անօդաչու թռչող սարքերի հարցում Իսրայելին օգնություն ցուցաբերելու պատճառով։

Դրանից առաջ ուկրաինացի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին The New York Times-ին հայտնել էր, որ Կիևը կալանիչ ԱԹՍ-ներ և մասնագետներ է ուղարկել Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներն իրանական ԱԹՍ-ներից պաշտպանելու համար։

Leave a Comment