Վենսը մտահոգված է․ ԱՄՆ-ն և Իրանը էսկալացիայի շեմին են․ CNN

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ մտահոգություն է հայտնել Իրանի հետ ռազմական հակամարտության հնարավոր էսկալացիայի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Վենսը և ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը զգուշացրել են, որ հակամարտության ընդլայնումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

CNN-ի փոխանցմամբ՝ Դեն Քեյնը նշել է, որ ռազմական գործողությունների ընդլայնումը կշարունակի սպառել ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները։

Պենտագոնի աղբյուրը հեռուստաընկերությանը հաստատել է, որ Իրանի դեմ գործողությունները ներկայումս կասեցված են, սակայն չի հստակեցրել, թե ինչն է եղել այդ որոշման պատճառը։

Աղբյուրների համաձայն՝ Պարսից ծոցի մի շարք երկրներ դիմել են Վաշինգտոնին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել Իրանի հետ հարաբերություններում։ Միևնույն ժամանակ, Թրամփը մասնավոր զրույցում ամերիկացի բանակցողներին հանձնարարել է շարունակել կապը Թեհրանի հետ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսելու և զանգվածային հարվածներ հասցնելու տարբերակը։ Սակայն ավելի ուշ The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տան ղեկավարը որոշել է առայժմ հետաձգել հակամարտության էսկալացիան։

Leave a Comment