Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության ցամաքային և օդային բազավորման զենքերով խմբային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածների թիրախում են եղել Կիևում գտնվող ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, որոնք զբաղվում են տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրությամբ, հավաքմամբ ու պահպանմամբ։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստի ենթակառուցվածքներին, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, օգտագործվել են ռազմական նշանակության բեռների տեղափոխման և պահպանման համար։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տեղեկություններով՝ Շևչենկոյի շրջանում բեկորներն ընկել են 18-հարկանի բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով 7-րդ և 8-րդ հարկերում հրդեհ է բռնկվել։ Սոլոմենսկի շրջանում բեկորների անկումից հետո հրդեհ է բռնկվել ոչ բնակելի կառուցապատման տարածքում, իսկ Դեսնյանսկի շրջանում այրվել են ավտոմեքենաներ և կայանատեղիներ։
Առավոտյան, ըստ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի, հարված է հասցվել Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոններից մեկին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքն «Էպիցենտր» առևտրի կենտրոնի մասին է։
Միաժամանակ՝ հաղորդվում է, որ Խարկովում FPV տեսակի անօդաչու սարքը հարձակվել է «Կուլինիչի» հացի գործարանի բեռնատարի վրա։ Վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է։
