Կփոխվի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվության տրամադրման և ստացման կարգը

ՀՀ կառավարությունը նախատեսում է նոր կարգ սահմանել, որով կկարգավորվեն Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների ստացման, կուտակման և տրամադրման գործընթացները։ Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 2006 թվականին ընդունված համապատասխան որոշումը և գործող կարգավորումները համապատասխանեցնել նոր օրենսդրությանը։ Նախագծի մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի օրակարգից։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարության նիստի  չզեկուցվող նախագծից։

Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշմամբ, որը չունի համապատասխան լիազորող նորմ, իսկ որոշման ընդունման համար փաստացի հիմք է ծառայել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվել է լիազորող նորմ՝ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը սահմանելու մասին Կառավարության նոր որոշում ընդունելու համար: Բացի այդ, նախագծի ընդունումը պայմանավորված է գործող կարգավորումները ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին, ինչպես նաև՝ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150–Ա որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Կարգավորման նպատակն ու բնույթը.

Նախագծով նախատեսվում է կարգավորել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքներով հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ, ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանելու մասին» N 654-Ն որոշումը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 187-190-րդ կետերից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքներով հանցագործությունների մասին տեղեկություններ տրամադրելու և նրանցից տեղեկություններ ստանալու, ինչպես նաև՝ կուտակելու հետ կապված հարաբերությունները։ Բացի այդ, կապահովվի ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1150–Ա որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 1-ին կետի կատարումը:

Leave a Comment