Որ ապրանքներն ու դեղերը կազատվեն պարտադիր դրոշմավորումից․ կառավարության նոր նախագիծ

Iravaban.netը ուսումնասիրել է հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել նույնականացման միջոցներով դրոշմավորումից ազատվող ապրանքների ցանկը։ Փոփոխությունների համաձայն՝ դրոշմավորում չի պահանջվի փոքր փաթեթավորմամբ որոշ ապրանքների, հատուկ պայմաններում պահվող պատվաստանյութերի և պետական ծրագրերով անվճար տրամադրվող մի շարք դեղերի համար։

ՀՀ կառավարության 06.02.2025թ. N125-Ն որոշմամբ հաստատված են Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները։

ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000 0, 1806 և 2101 ծածկագրերին դասվող` մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով պարունակություն ունեցող՝ տարայավորված (փաթեթավորված) ապրանքները, ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող՝ մինչև 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները) ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման: Օրենսգրքի 396.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով (օրենսգրքում՝ նաև նույնականացման միջոցներով) ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար օրենսգրքով, այլ օրենքներով և դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները:

Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 06.02.2025թ. N125-Ն որոշման մեջ ևս հստակեցնել, որ ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000 0, 1806 և 2101 ծածկագրերին դասվող` մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով պարունակություն ունեցող՝ տարայավորված (փաթեթավորված) ապրանքները, ԱՏԳ ԱԱ 3303 00, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող՝ մինչև 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները) ենթակա չեն նույնականացման միջոցներով դրոշմավորման: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ ԱՏԳ ԱԱ 3002 42 000 0 ծածկագրին դասվող որոշ ապրանքներ (պատվաստանյութեր) ունենում են -600 C և ավելի ցածր ջերմաստիճանում պահպանման կամ տեղափոխման պայմաններ, որոնց դեպքում նույնականացման միջոցներով դրոշմավորումը խնդրահարույց է, առաջարկվում է այդ ապրանքների համար ևս սահմանել դրոշմավորումից բացառություն։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 06.02.2025թ. N125-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի 2-րդ կետի 18-րդ ենթակետի համաձայն՝ դրոշմավորման ենթակա են ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող դեղամիջոցները՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առևտրի համար, բացառությամբ պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող և երաշխավորված կարգով տրամադրվող ինսուլինի կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակով դրոշմավորում չի պահանջվում։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ առողջապահության նախարարության պատվերով և ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲԸ-ի համար ներմուծվող դեղը ձեռք է բերվում արտասահմանյան կազմակերպություններից պետական դրամաշնորհի միջոցով, օգտագործվում է անմիջապես սպառողների կողմից, անվճար հիմունքներով, ենթակա չէ վաճառքի և այլ նպատակով կիրառման համար, և տրամադրվում է միայն ՄԻԱՎ-ով ապրող բուժառուներին և տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման նպատակով, առաջարկվում է վերոգրյալ ենթակետի բացառությունների շարքում լրացնել նաև պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող և երաշխավորված կարգով տրամադրվող հակառետրովիրուսային դեղերը, հակատուբերկուլոզային դեղերը, ուղղակի ազդող հակավիրուսային դեղերը, հակավիրուսային, հակասնկային, հակաբակտերիալ (ՄԻԱՎ-ի օպուրտունիստական) դեղերը:

Leave a Comment