Եմենի հյուսիսը վերահսկող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիները) հայտարարել է, որ հարձակում է գործել թագավորության մի քանի քաղաքներում տեղակայված՝ սաուդյան «Saudi Aramco» ընկերությանը պատկանող նավթային օբյեկտների վրա։
«Մենք իրականացրինք երկու խոշոր ռազմական գործողություն։ Առաջինն ուղղված էր Ջիզանում գտնվող «Aramco»-ի կարևորագույն օբյեկտների դեմ. դրանց ուղղությամբ արձակվեցին տասնյակ բալիստիկ հրթիռներ և կիրառվեցին անօդաչու թռչող սարքեր», — «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Ըստ նրա՝ երկրորդ գործողության թիրախում էին Կարմիր ծովի ափին գտնվող արդյունաբերական Յանբու քաղաքում տեղակայված «Aramco»-ի կարևորագույն օբյեկտները, իսկ հարվածի համար կիրառվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Ավելի վաղ հութիները սպառնացել էին պատասխան գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգի վրա Սաուդյան Արաբիայի իրականացրած ավիահարվածների։