Մուրացան փողոցում հուլիսի 18-ին տեղի ունեցած սպանության, սպանության փորձի գործով ոստիկանությունը Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել է ևս 3 կասկածյալի, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
ՆԳՆ-ն չի հայտնել ձերբակալվածների ինքնությունը՝ նշելով միայն տարիքը։ Նշվում է, որ հուլիսի 23-ին ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել Աբովյանի 32-ամյա և Երևանի 27-ամյա երկու բնակիչ։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդ։
Հուլիսի 18-ին Armenia Today-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նույն օրը երեկոյան Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել էր։
Armenia Today-ի աղբյուրների տեղեկություններով՝ կրակոցների վայրի հարակից տարածքում հայտնաբերվել էր նաև չպայթած նռնակ, ինչից հետո դեպքի վայր էին ժամանել սակրավորները։
Shamshyan.com-ի տվյալներով՝ մահացածը Մուրացան փողոցի հարակից՝ Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան է, վիրավորվել էր նաև 15-ամյա տղա։
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ճշտվել է դեպքի մասնակից անձանց ինքնությունը։ Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Հուլիսի 18-ին նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր առաջին կասկածյալը։
