Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի

Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացել է՝ պատերազմի ավարտով շահագրգռված չէ ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանը։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ձգտում է կանգնեցնել ռուսական ագրեսիան և հասնել արդար խաղաղության՝ ընդգծելով, որ երկրի գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքերի պահպանումն է։

«Եթե պատերազմը հնարավոր լինի դադարեցնել արդեն վաղը և հասնել հրադադարի, դա շատ ավելի լավ կլինի, քան ևս 10-20 տարի տևող մարտական գործողություններն ու նոր զոհերը»,- ասել է նա՝ հավելելով, որ հրադադարը Կիևի համար ավելի նախընտրելի է, քան երկարատև պատերազմը։

Զելենսկին նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ «Օվալաձև աշխատասենյակում կամ Մար-ա-Լագոյում»՝ նշելով, որ ամեն ինչ կախված է Թրամփից։

Նրա խոսքով՝ այժմ արդեն բոլորի համար պարզ է, որ հենց Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմի դադարեցմամբ։ Զելենսկին նաև կարծիք է հայտնել, որ Թրամփը սկսել է իրեն վստահել, և դա դարձել է Ուկրաինայի նկատմամբ նրա հռետորաբանության փոփոխության հիմնական պատճառը։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Խորհրդային Միության վերականգնումը սպառնալիք կլինի ոչ միայն Եվրոպայի, այլև ԱՄՆ-ի համար։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի ռազմավարական նպատակը նախկին ԽՍՀՄ տարածքների և ազդեցության վերականգնումն է, իսկ Ուկրաինան այդ ծրագրերի գլխավոր խոչընդոտն է։

Զելենսկին հավելել է, որ ԽՍՀՄ վերականգնման դեպքում աշխարհը կստանա Չինաստանի և Խորհրդային Միության դաշինք՝ «ամենամեծ կայսրությամբ և ամենամեծ բանակով», որոնք, նրա գնահատմամբ, կարող են գերազանցել ԱՄՆ-ին և վտանգ ներկայացնել նրա համար։

Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին աջակցության համար՝ նշելով, որ դրա շնորհիվ Ռուսաստանին չի հաջողվել վերականգնել Խորհրդային Միությունը։

 

Leave a Comment