Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները տեղեկություններ են ստացել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ նոր զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։

«Մենք գիտենք հետախուզական ծառայություններից և մեր գործընկերներից, որ ռուսները պատրաստել են հրթիռներ Ուկրաինայի դեմ նոր զանգվածային հարվածի համար։ Հնարավոր է՝ այդ հարվածը տեղի ունենա այսօր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վտանգավոր ժամանակահատվածը կարող է ընդգրկել առաջիկա 48 ժամը»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։

Նա քաղաքացիներին կոչ է արել հետևել օդային տագնապի ազդանշաններին և պահպանել անվտանգության կանոնները։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի գլխավոր առաջնահերթությունը հակաօդային պաշտպանության ուժեղացումն է, և կոչ է արել գործընկեր երկրներին արագացնել համապատասխան աջակցությունը։

Նա նաև հայտարարել է, որ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը պատրաստվում է աշնանը մոբիլիզացիայի նոր, «զգալի» ալիք անցկացնել։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը ռազմաճակատում կորցնում է ավելի շատ զինծառայողներ, քան կարողանում է համալրել, և Մոսկվան փորձում է ընդլայնել ռազմական գործողությունները։

«Պուտինին անհրաժեշտ են ավելի շատ ռուսներ՝ գրոհներին մասնակցելու համար»,- գրել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան փորձում է կանխել դա ռազմական, պատժամիջոցային և դիվանագիտական միջոցներով։

Զելենսկին հայտնել է առաջիկա 48 ժամում Ռուսաստանի հնարավոր հարվածի մասին

Leave a Comment