«Armenia Marriott»-ում ստուգումներ կիրականացվեն՝ 10 մարդու թունավորման դեպքով – armeniatoday.am

Երևանի «Armenia Marriott» հյուրանոցում ստուգումներ կանցկացվեն պայմանավորված 10 մարդու՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդանոցներ տեղափոխվելու հետ, հայտնել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 17-ի երեկոյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հայտնել է, որ 10 քաղաքացի հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ։

Համաճարակաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր հիվանդները հուլիսի 14-ին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրվան։

Միջոցառման ընթացքում նրանք կերել են դեսպանատան բակում կազմակերպված ֆուրշետի ժամանակ մատուցված կերակրատեսակները։

Տեսչական մարմինը ուսումնասիրություններ է սկսել, թե որտեղ է պատրաստվել և ձեռք բերվել ընդունելության ժամանակ մատուցված սնունդը։

Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը գերատեսչությանը տեղեկացրել է, որ միջոցառման կազմակերպմամբ զբաղվել է երևանյան «Armenia Marriott» հյուրանոցը։

Տեսչական մարմնից նշել են, որ դեպքի մասին տեղեկությունը ստացվել է միջոցառումից գրեթե 10 օր անց, ուստի սննդամթերքի համապատասխան խմբաքանակն արդեն ամբողջությամբ սպառված է։ Չնայած դրան՝ ապագայում նման դեպքերը կանխելու և հանրային առողջությունը պաշտպանելու նպատակով «Armenia Marriott» հյուրանոցում կիրականացվի ստուգում։ Դրա արդյունքների մասին գերատեսչությունը խոստացել է լրացուցիչ տեղեկացնել։

Ընդունելության մասնակիցների շրջանում սուր աղիքային վարակի դեպքերի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է, որ հուլիսի 14-ին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ անցկացված միջոցառման որոշ հյուրերի մոտ նկատվել են սննդային թունավորման նմանվող ախտանշաններ։ Այս կապակցությամբ դիվանագիտական ներկայացուցչությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, ցավակցություն հայտնել տեղի ունեցածի համար և հայտարարել, որ ակնկալում է դեպքի պատճառների բացահայտումը։ Դեսպանատունը նաև կոչ է արել ընդունելության այն մասնակիցներին, որոնց մոտ նմանատիպ ախտանշաններ են ի հայտ եկել, այդ մասին տեղեկացնել էլեկտրոնային փոստով։

Leave a Comment