Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժերի նյութական վնասը կազմել է 19,6 միլիարդ դոլար, հայտնել է «Կոմերսանտը»՝ հղում անելով Համաշխարհային բանկի գնահատականին։
Ընդհանուր վնասի 47%-ը բաժին է ընկել բնակելի շենքերին, ենթակառուցվածքներին՝ 27%-ը, իսկ ոչ բնակելի շենքերին՝ 26%-ը։
Ամենաուժեղ հարվածն իրենց վրա են վերցրել Լա Գուայրա նահանգը և Մայրաքաղաքային օկրուգը, որոնց բաժին է ընկնում ընդհանուր վնասի մոտավորապես կեսը։
Նման պայմաններում վերականգնումն, ըստ գնահատականների, կտևի ավելի քան 10 տարի և զգալի բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսական ակտիվության վրա։
«Առանց արտադրական կարողությունների և կենսամակարդակի վրա արված լրացուցիչ ներդրումների՝ երկրաշարժի բացասական հետևանքներն ավելի կուժեղանան»,-նշել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Սուզանա Կորդեյրո Գեռան։
Վենեսուելայում գրանցված երկրաշարժերի մագնիտուդը կազմել է 7,2 և 7,5։ Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրում արձանագրվել է 1400 հետցնցում, ընդ որում՝ ամենամեծ ավերածությունները տեղի են ունեցել ափամերձ Լա Գուայրա նահանգում։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է 5,3 հազար մարդ, իսկ տուժածների թիվը հասնում է 16,7 հազարի։
