ԻՀՊԿ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների համար կիրառել է B-1 ռազմավարական ռմբակոծիչներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ վերջին հարվածների ընթացքում կիրառել է B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչներ։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ ամերիկյան օդանավերը օդ են բարձրացել Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ավիաբազայից, ինչի պատճառով Թեհրանը այդ բազան ևս համարում է օրինական ռազմական թիրախ։

«Ամերիկյան ագրեսոր բանակը, սպառելով Հնդկական օվկիանոսում տեղակայված նավերից արձակվող թևավոր հրթիռների պաշարները, անցել է Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ավիաբազայից թռիչք կատարած B-1 ինքնաթիռների կիրառմանը»,- նշվում է հայտարարությունում։

ԻՀՊԿ-ն նաև ընդգծել է, որ Իրանի դեմ հարձակումների համար օգտագործվող ցանկացած ռազմաբազա Թեհրանի համար համարվում է օրինական թիրախ։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումից հետո առաջին անգամ B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել՝ ԻՀՊԿ-ի օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։

Leave a Comment