ԲԴԽ-ն հայտարարում է քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների նոր ընդունելություն

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հայտարարել է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին։ Համապատասխան որոշումն ընդունվել է 2026 թվականի հուլիսի 21-ին, երբ ԲԴԽ-ն արձանագրել է, որ անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը՝ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման։

Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, որոնք`

  • ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • ունեն համապատասխան իրավաբանական բարձրագույն կրթություն,
  • տիրապետում են հայերենին,
  • ունեն անգլերեն, ռուսերեն կամ ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկի՝ ԲԴԽ-ի սահմանած մակարդակի իմացություն,
  • ունեն օրենքով պահանջվող մասնագիտական աշխատանքային փորձ,
  • չունեն «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված դատավոր նշանակվելու խոչընդոտներ։

Հավակնորդները Դատական դեպարտամենտ պետք է ներկայացնեն ԲԴԽ-ի սահմանած ձևի հայտը և օրենքով նախատեսված փաստաթղթերի ամբողջ փաթեթը։

Հայտին կից ներկայացվում են`

  1. անձը հաստատող փաստաթղթի, նույնականացման քարտի պատճենները և էլեկտրոնային փոստի հասցեն (ներկայացնել նաև փաստաթղթի բնօրինակը,
  2. հինգ գունավոր լուսանկար /3 x 4 չափսի/,
  3. հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ,
  4. նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն դիմողի դատվածության և սնանկության կամ դրանց բացակայության մասին,
  5. իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճեն/պատճենները (ներկայացնել նաև փաստաթղթի բնօրինակը),
  6.  հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն (ներկայացնել նաև փաստաթղթի բնօրինակը),
  7. պահանջվող օտար լեզուների՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (թիվ ԲԴԽ-39-Ո-92 որոշումթիվ ԲԴԽ-25-Ո-57 փոփ. որոշում), բացառությամբ, եթե հավակնորդը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ ներկայացնելու պահին ունի միայն ռուսաց լեզվի ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքի իմացություն, ապա պարտավորվում է մինչև Արդարադատության ակադեմիայում ուսուցման ավարտը ներկայացնել Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված այլ լեզվի իմացության վերաբերյալ համապատասխան ապացույցը, հակառակ դեպքում նա չի ներառվում դատավորների թեկնածուների ցուցակում,
  8. պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր,
  9. արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն (ներկայացնել նաև փաստաթղթի բնօրինակը),
  10. դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (Կառավարության 30.05.2019թ. թիվ 685-Ն որոշում),
  11. Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևով համաձայնություն (թիվ ԲԴԽ-19-Ո-40 որոշում)՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, հավակնորդին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող և այլ տեղեկություններ ստանալու մասին,
  12. առավելագույնը երեք երաշխավորագիր-նամակ՝ ըստ հավակնորդի ցանկության,
  13. օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիր,
  14. բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ http://cpcarmenia.am/hy/news/item/2024/07/26/1/,
  15. գրավոր հայտարարություն հայտում առկա տեղեկությունների և կից ներկայացված փաստաթղթերի հավաստիության մասին,
  16. միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ փաստաթուղթ:

Իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող հավակնորդը հայտին՝ ի թիվս Օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի, կցում է նաև գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի օգոստոսի 24-ն է։ Դրանք ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 17:30-ը, Դատական դեպարտամենտում (ք. Երևան, Կորյունի 17)։

ԲԴԽ-ն տեղեկացնում է, որ որակավորման գրավոր քննության անցկացման ժամանակի, վայրի և առաջադրանքների առնվազն մեկ նմուշի վերաբերյալ հայտարարությունը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական www.court.am կայքում և հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային հարթակում՝ քննության օրվանից առնվազն 10 օր առաջ։

Հիշեցում՝

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1 կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝

Հ/Հ՝ 900005163671

Բանկ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե.

Նպատակը՝ «Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման որակավորման ստուգման համար»:

Leave a Comment