«Արդյոք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում». Վիտալի Մանգասարյան

«Արդյոք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով երկու զինծառայողի ձերբակալությունը և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը հերթական անգամ ցավով վեր հանեց հայկական բանակում առկա ամենացավոտ խնդիրներից մեկը՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Այս ողբերգությունը, ինչպես և նախորդները, խորը մտահոգության տեղիք է տալիս և պահանջում է համակարգային խորը վերլուծություն ու անհապաղ լուծումներ։
Մինչ իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածի հանգամանքները, իսկ պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել, հասարակության շրջանում պարզ և տրամաբանական հարց է առաջանում ՝ այն է, արդյո՞ք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում:
Պետության ուժային կառույցների հիմնական առաքելություններից մեկը հանցագործությունների բացահայտումը չէ միայն, այլև դրանց կանխարգելումը։
Եթե այն մարդկային և տեխնիկական ռեսուրսների թեկուզ մի մասը, որն այսօր ծառայեցնում են քաղաքական գործընթացներին, ուղղվեր բանակում կարգապահության, բռնությունների կանխարգելման, ռիսկերի վաղ հայտնաբերման և զինծառայողների անվտանգության ապահովմանը, վստահաբար հնարավոր կլիներ կանխել բազմաթիվ ողբերգություններ։
Բանակում յուրաքանչյուր կորցրած զինվոր ոչ միայն մեկ ընտանիքի ողբերգությունն է, այլև պետության ձախողումը։ Ուստի յուրաքանչյուր նման դեպքից հետո անհրաժեշտ է գնահատել պետական համակարգի արդյունավետությունը։ Որովհետև եթե համակարգը մշտապես արձագանքում է միայն ողբերգությունից հետո, նշանակում է՝ կանխարգելման մեխանիզմները բավարար արդյունավետ չեն աշխատում»:

Leave a Comment