Սա տարածաշրջանային զարգացման մաս է, որի հիմնական նպատակներն այլ են․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ճնշումները և բանտը չեն կարող կանգնեցնել իրենց պայքարը։ Այսօր ավելի վաղ դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Կարապետյանի նկատմամբ։

Նա հայտարարել է, որ կատարվողը մի մեծ պատմության, տարածաշրջանային մեծ զարգացման մաս է, որի «հիմնական նպատակները լրիվ այլ են»։ Կարապետյանի խոսքով՝ ինքը և իր թիմակիցները պատրաստ են հաղթահարել բոլոր դժվարությունները, իսկ քաղաքական պայքարի համար ազատազրկումը «ավելի մեծ պատիվ է, քան ազատության մեջ մնալը»։

Կարապետյանը վստահեցրել է, որ շարունակելու են իրենց քաղաքական գործունեությունը։ Նա նաև հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո քրեական գործերն այլևս չեն օգտագործվի քաղաքական գործունեությունը սահմանափակելու նպատակով, իսկ ուժային կառույցները պետք է զբաղվեն քաղաքացիների անվտանգության ապահովմամբ և օրինականության պահպանմամբ։

Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Այսօր ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր Գլխավոր դատախազության՝ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը։ Պաշտպանական կողմն անընդունելի է համարել ԿԸՀ-ի ավելի վաղ կայացրած որոշումը, որով համաձայնություն էր տրվել Կարապետյանին որպես մեղադրյալ ներգրավելուն։

Leave a Comment