Երեմ Սարգսյանի հետ տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, անպատասխան չթողեցինք, հանդես եկանք բացարկի միջնորդությամբ ոչ միայն քննիչին, քննչական խմբի ղեկավարին, այլ ամբողջ քննչական խմբին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը:
«Ամբողջ քննության ընթացքում տեսած տարաբնույթ ապօրինությունների մեջ միամտություն կլինի արդարություն փնտրելը, հետևաբար՝ առնվազն այս փուլում պետք է արձանագրենք թե՛ տեղի ունեցած ապօրինությունը, թե՛ այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից, իսկ դրանք ամրագրված են և՛ Սահմանադրությամբ, և՛ մնացած մյուս օրենքներով։
Այս ամենը մենք պետք է արձանագրենք, սրա մասին պետք է չլռենք, պետք է խոսենք ու նաև իրավական գործընթացով, չնայած՝ պարոն Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցան ոչ իրավական գործընթացներ»,-նշել է նա։