
—
«ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ
————-
1. Իմ դեմ Նիկոլ Փ.-ի պատվիրած «գործի» շրջանակներում ապօրինաբար և քստմնելի մեթոդներով կալանավորվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը:
2. Նիկոլ Փ.-ի հրահանգով ապօրինաբար տեղի է ունենում սեփականության կոպիտ վերաբաշխում` ամբողջատիրական իշխանության ձևավորման նպատակով:
Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե Գագիկ Ծառուկյանի դեմ տեղի ունեցողը միայն նրան է վերաբերում և զուտ անձնական վրեժխնդրության դրսևորում է: Սա հատուկ քաղաքականություն է, որը գռեհիկ մարքսիզմ է, կամ ավելի պարզ` պետականորեն իրականացվող թալան` պետական ռեկետ:
Նիկոլ Փ.-ն այնպիսի արտաքին պատվերների տակ է մտել, որ դրանք իրականացնելու, ինչպես նաև սեփական կաշին փրկելու համար նրան անհրաժեշտ է ամբողջատիրական իշխանություն, որն անհնար է կառուցել առանց խոշոր կապիտալի զավթման, այլ կերպ ասած` փողի շրջանառության ամբողջական վերահսկողության:
Օխլոկրատիան` ամբոխի իշխանություն է գերօլիգարխի ձեռքերում վերածվելու է դրսից, կառավարվող տիրանիայի: Սա է այս գործընթացի քաղաքագիտական գնահատականը:
Մասնավոր բիզնեսի «պետականացման» անվան տակ կենտրոնացվում է բիզնես դաշտը մեկ մարդու տակ: ՀԷՑ-ը, «Արարատ-ցեմենտը», մյուս կառույցները ոչ թե «ժողովրդին», այլ «50/50 փայ մտնելու» խոսույթով իշխանության եկած Նիկոլ Փ.-ին են փոխանցվում:
Այս պայմաններում ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից խոսելն անիմաստ է, քանզի բիզնեսի կենտրոնացումը և մեկ օլիգարխի բիզնես դաշտը բացառում են ժողովրդավարական հարաբերությունները և լեգիտիմ ընտրությունները:
Բիզնեսի «պետականացումը» և գերօլիգարխացումը ունի արտաքին շահառու միայն այդպիսի համակարգի պայմաններում է հնարավոր թուրք-ադրբեջանական օրակարգի և Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ դարձնելու քաղաքականության սպասարկումը: Դա է պատճառը, որ Նիկոլ Փ.-ի մարդակերության վրա ԵՄ չինովնիկներն աչք են փակում, ավելին` խրախուսում են այն:
Տեղի է ունենում քաղաքական կյանքի քրեականացում և մենաշնորհացում: Քաղաքական մենաշնորհի և ամբողջատիրության հիմքում տնտեսական մենաշնորհն է ու մասնավոր սեփականության ինստիտուտի վերացումը:
«Հարուստներից խլենք, ժողովրդին բաժանենք» կեղծ լոզունգի ներքո են ստեղծվում ամբողջատիրական և մարդատյաց պետությունները, որտեղ առաջին հերթին տուժում են այն ժողովուրդները, որոնց անունից և որոնց համար, իբր, խլում են սեփականությունը:
Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը կանգ չի առնում քանզի դրսի նեոտրոցկիստական պատվիրատունները դեռ ստանալիքներ ունեն Նիկոլ Փ.-ից:
«Թավշյա հեղափոխությունը» 2023-ին ավարտվեց Արցախում. այն այլևս հանձնված է Ադրբեջանին: Հերթը հասել է Հայաստանին և Նիկոլ Փ.-ի գլխավորությամբ կանգ կառնի միայն Հայաստանի արցախացմամբ: Դա թույլ չտալու համար պետք է այդ հեղափոխությունը կանգնեցնել առանց Նիկոլ Փ.-ի:
Կանգնեցնել ու փոխել այս ընթացքը:
Ընտրական գործընթացները հնարավորորություն չտվեցին «թավշյա» հեղափոխությանը հրաժեշտ տալու: Այս փուլում գլխավոր անելիքը չլռելն է: Չի’ կարելի կողքից հետևել, թե ինչպես են խլում Ծառուկյանի բիզնեսները, կալանավորում Արեգնազ Մանուկյանին, գործ «սարքում» մյուսների դեմ, քաղաքական հետապնդման ենթարկում այլ կարծիք ունեցողներին:
Ծառուկյանի և մյուսների հետ տեղի ունեցողը միայն նրանց չի վերաբերում: Սա բոլորին է վերաբերում: Մինչդեռ «գառները» լուռ են, ինչը դատապարտելի է:
Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Հ.Գ. Այսօր կալանքիս միջնորդության դատական նիստն է: Տեսնենք այս անգամ, ի՞նչ հեքիաթ են հորինելու, որպեսզի ինձ անազատության մեջ պահեն:
Հետաքրքիր կլինի նաև տեսնել, թե ինչպես է իրեն պահելու դատավոր Աբելյանը, ով, ի դեպ, առաջին կալանքս տվողն ու Ծառուկյանին կալանքի սանկցիա տված դատավորն է:
Հ.Հ.Գ. Սրանք «կարած» գործի մեջ «պետական գաղտնիք», «պետական դավաճանություն» ահասարսուռ և սրտաճմլիկ ձևակերպումներն են օգտագործել, որպեսզի դատական նիստը փակ անցկացնեն:
Ես պահանջում եմ բաց դատավարություն, թող ժողովուրդը լսի, թե ինչ անհեթեթություններ են դուրս տալիս և ինչ «փուչիկ» մեղադրանք են ներկայացնում: Եթե համոզված են, որ ճիշտ են, ապա ինչո՞ւ են փակ դատեր անում: Բա թող բացեն հանրության աչքերն ու ցույց տան, թե ինչն ինչոց է, ինչո՞ւ են իմ անմեղության կանխավարկածը խախտում` դրանով իսկ ինձ հնարավորություն տալով պնդել օրվա իշխանության սրիկայության կանխավարկածը: