Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն այսօր երկրորդ օրն է շարունակվելու Քննչական կոմիտեում։ Armenia Today-ի թղթակցի փոխանցմամբ՝ 2-րդ օրը նույնպես Ծառուկյանի աջակիցները ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության դիմաց են՝ աջակցելու նրան։ Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Ծառուկյանին դեռ չեն բերել ՔԿ։

Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հուլիսի 21-ի երեկոյան լրագրողներին հայտնել էր, որ առաջին օրվա հարցաքննությունը տևել է շուրջ ինը ժամ, որի ընթացքում տեղի է ունեցել Ծառուկյանին վերագրվող խոշոր չափերով խարդախության վարույթով տուժող ճանաչված Իրանի քաղաքացու և ԲՀԿ առաջնորդի առերեսումը։

Սարգսյանի խոսքով՝ հնարավոր է նաև առերեսում լինի գործով այլ անձանց հետ, որոնք ևս ճանաչվել են տուժող։

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանության կողմը հարցեր է ուղղել իրանցուն, որոնք, իրենց համոզմամբ, նախաքննական մարմինը չի տվել։ Նրա խոսքով՝ գործի նյութերը, ըստ իրենց, վկայում են ոչ թե այն մասին, որ Ծառուկյանը գումար է հափշտակել, այլ հակառակը՝ հենց նա է գումար տվել, որը հափշտակվել է իրենից։

«Այն անձինք, ովքեր նույնիսկ մեկ դրամ ներդրում չեն կատարել, ճանաչվել են տուժող՝ իբր Ծառուկյանը նրանցից գումար է հափշտակել, մինչդեռ այն հանգամանքով, որ Ծառուկյանը նրանց գումար է տվել, ինքն է մեղադրյալ ճանաչվել»,- հայտարարել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ առերեսման ընթացքում քննիչը, ըստ պաշտպանության կողմի, որոշ հարցեր անօրինական կերպով հանել է, ինչի կապակցությամբ իրենք առարկություններ են ներկայացրել։

Փաստաբանը նաև նշել է, որ ամբողջ քննչական գործողությունը տեսաձայնագրվել է, իսկ հարցերի արդյունքում, իրենց գնահատմամբ, ցույց են տվել, որ ցուցմունքների զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։

Leave a Comment