Տասնյակ ինքնաբացարկներ․ ի՞նչ է կատարվում քաղաքական կուլիսներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տասնյակ ինքնաբացարկներ․ ի՞նչ է կատարվում քաղաքական կուլիսներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նոր խորհրդարանի կազմը։ Մինչ այդ նաև բավարարեց մի շարք թեկնածուների ինքնաբացարկի դիմումները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների՝ ինքնաբացարկ ներկայացնելը հասկանալի է. նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակելու են պաշտոնավարել նոր կառավարության կազմում, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այդքան շատ ինքնաբացարկ են հայտնել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչու են իրենց թիմի ակտիվ թեկնածուները վերջին պահին փոխել իրենց որոշումն ու ներկայացրել ինքնաբացարկի դիմում։

Ի դեպ, «Հայաստան» դաշինքից ևս եղել է ինքնաբացարկի դիմում. ցուցակի առաջին համարը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, թե չի գնալու խորհրդարան։

Իսկ ինչո՞ւ են մանդատից հրաժարվում ընդդիմադիր ուժերի թեկնածուները։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը սա դիտարկում է ոչ թե որպես առանձին անձանց որոշումներ, այլ ընդհանուր քաղաքական միտում է տեսնում։

«Սա ուղղակի ցույց է տալիս, թե անդամակցումն այնտեղ, նույնիսկ պատգամավորի կարգավիճակում, որքան անհեռանկարային է թվում շատերին, ովքեր նաև երիտասարդներ են և բանուգործ ունեն։ Եվ գերադասում են զբաղվել իրենց համար արդեն իսկ սովորական բանուգործով և չթաթախվել ինչ-որ հարցերի մեջ, որոնք, բացի գլխացավից, ուրիշ բան չեն կարող տալ իրենց»։

Մեհրաբյանը ուշադրություն է հրավիրում նաև արտաքին գործոնների վրա՝ պնդելով, որ ընդդիմադիր հատվածի տրամադրությունների վրա ազդում է նաև Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։

«Այստեղ հստակ կոռելյացիա կա Ռուսաստանում տիրող իրավիճակի և այս մարդկանց մոտիվացիայի միջև։ Երբ Ռուսաստանում, ասենք, Պուտինի կափարիչը, էպիկական թռիչքներ է գործում Ուկրաինայի հարվածների ներքո, երբ բենզինի հարց չի կարողանում լուծել նավթի պաշարներով առաջին տեղում գտնվող երկիրը, ու էդ երկրի հետ էին մեր ուժերը հույսեր կապում և փայփայում, ի՞նչ հեռանկարով կապեն և փայփայեն։ Եվ եթե մեծահասակների համար էլ ուղղակի ուրիշ գնալու տեղ չունեն, ապա երիտասարդներն ունեն, նրանք էլ ինքնաբացարկ են տալիս և գնում են իրենց բանուգործին»։

ԿԸՀ-ն արդեն վավերացրել է բոլոր ներկայացված դիմումները՝ ուժը կորցրած ճանաչելով համապատասխան թեկնածուների գրանցումները։ Միաժամանակ հայտարարվել է, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment