Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
A խմբի առաջին տուրում Արեգ Վաթյանի գլխավորած ընտրանին 82:62 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։
Հայաստանի թիմի կազմում ամենաարդյունավետ (EFF 23) խաղացող է ճանաչվել Էնթոնի Սարգսյանը՝ վաստակելով 14 միավոր, 7 ռեբաունդ և կատարելով 3 փոխանցում։ Հանդիպման ամենառեզուլտատիվ բասկետբոլիստը Միքայել Նշանյանն էր, որն իր ակտիվում գրանցել է 22 միավոր։
Խմբային փուլի երկրորդ հանդիպումը Հայաստանի Մ18 հավաքականը կանցկացնի հուլիսի 22-ին՝ մրցելով Անդորրայի ընտրանու հետ։
