Գերմանիայի և ԵՄ շահերից է բխում Հարավային Կովկասի կայունացումը․ Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը բխում են ինչպես Գերմանիայի, այնպես էլ Եվրոպական միության շահերից։

Այս մասին նա ասել է Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Մեզ անհրաժեշտ են նաև խաղաղություն, անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում։ Գերմանիայի և Եվրոպական միության շահերից է բխում, որ այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանը կայունանա»,- ասել է Մերցը։

Գերմանիայի կանցլերը նաև շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ։

«Վերոնշյալ համաձայնագիրը նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ Այս պատմական համաձայնագիրը նոր հնարավորություն է ստեղծում՝ երկարամյա հակամարտությունը վերջնականապես հաղթահարելու համար»,- նշել է Ֆրիդրիխ Մերցը։

Անի Վարդանյան

Leave a Comment