Իրանը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի հարվածը Դարխովինի ատոմակայանին

Իրանը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ-ի կողմից Խուզեստան նահանգում կառուցվող Դարխովինի (Կարուն) ատոմակայանին հասցված հրթիռային հարվածը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը սպասում է, որ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհուրդը և գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հստակ դիրքորոշում կհայտնեն և կդատապարտեն ԱՄՆ-ի գործողությունները։

Միաժամանակ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում նշել է, որ հուլիսի 19-ին ԱՄՆ զինված ուժերը մի քանի հրթիռ են արձակել Խուզեստանի նահանգում կառուցվող Դարխովինի ատոմակայանի ուղղությամբ։

Նրա խոսքով՝ ատոմակայանը գտնվում է ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո, իսկ այնտեղ իրականացվող բոլոր աշխատանքները բացառապես խաղաղ բնույթ ունեն և համապատասխանում են Իրանի՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին։

Իրավանին նշել է, որ սա 2025 թվականի հունիսից ի վեր Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ իրականացված 18-րդ հարձակումն է՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին համատեղ ագրեսիայի մեջ։

Դեսպանը հայտարարել է, որ խաղաղ միջուկային օբյեկտի դիտավորյալ թիրախավորումը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ԱԷՄԳ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում է։

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է վերահաստատել, որ խաղաղ միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում անընդունելի է, պարտավորեցնել ԱՄՆ-ին դադարեցնել Իրանի դեմ բոլոր հարձակումներն ու սպառնալիքները և Վաշինգտոնին պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի համաձայն։

ԱԷՄԳ-ն, իր հերթին, հայտնել է, որ առկա տվյալներով՝ հարվածի հետևանքով ճառագայթման արտահոսք չի գրանցվել, քանի որ ատոմակայանը դեռ կառուցման սկզբնական փուլում է։

Leave a Comment