Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված անորոշության հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական քաղաքական որոշումների բացակայությունն է։ Փաշինյանն այս օրերին գտնվում է արձակուրդում, և, ըստ մեր տեղեկությունների, մինչև այժմ վերջնական ցուցումներ չեն տրվել, թե ՔՊ համամասնական ցուցակի որ թեկնածուները պետք է ստանձնեն պատգամավորի մանդատը, իսկ ովքեր պետք է հրաժարվեն դրանից։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնում են, որ հենց այդ պատճառով այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայանան 64-ից զգալի ավելի թվով իշխանական թեկնածուներ։ Չի բացառվում, որ նրանց մի մասը միայն տեղում կտեղեկանա՝ պետք է ընդունի՞ պատգամավորական մանդատը, թե՞ ներկայացնի ինքնաբացարկի դիմում։
Այս պահի դրությամբ իշխանական ցուցակի անցողիկ հատվածն ավարտվում է Էդուարդ Աղաջանյանով՝ DJ Էդո։ Սակայն, հաշվի առնելով, որ ինքնաբացարկների և հնարավոր կադրային նշանակումների վերաբերյալ վերջնական որոշումները դեռևս ամբողջությամբ չեն հրապարակվել, չի բացառվում, որ վերջին պահին նոր փոփոխություններ լինեն։
Այսպիսով, թեև մանդատների հանձնման արարողությունը նախատեսված է հանդիսավոր ձևաչափով, իրականում այն կարող է վերածվել նաև վերջին րոպեի քաղաքական որոշումների և ինքնաբացարկների գործընթացի, հատկապես իշխանական թիմի համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: