216 հազար զբոսաշրջիկ մեկ ամսում․ ինչո՞վ է Հայաստանը գրավում օտարերկրացիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

216 հազար զբոսաշրջիկ մեկ ամսում․ ինչո՞վ է Հայաստանը գրավում օտարերկրացիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարի ՀՀ-ում ավելացել է զբոսաշրջիկների թիվը։ Տարվա առաջին կիսամյակում նրանց թիվը 1 մլն-ից ավելի է։ Միայն հունիսին Հայաստան է այցելել 216 հազար 214 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 215 հազար 253 այց։

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ ամենաշատ այցելությունները եղել են Ռուսաստանից՝ 40 տոկոս, Վրաստանից՝ 15 տոկոս և Իրանից՝ 8 տոկոս։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը համաշխարհային շուկայում պետք է ներկայացվի որպես կայուն, անվտանգ և գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

Այդ աշխատանքն իրականացվում է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ՝ միջազգային ցուցահանդեսների, փառատոնների, մարքեթինգային ծրագրերի և օտարերկրյա լրագրողների ու բլոգերների ճանաչողական այցերի միջոցով։

Մասնագետների գնահատմամբ՝ այսօր առաջնահերթությունը միայն զբոսաշրջիկների թվի աճը չէ, այլ նաև ծառայությունների որակի բարձրացումն ու ոլորտի մրցունակության ապահովումը։

Ըստ Ապրեսյանի՝ ճիշտ մարքեթինգային քաղաքականությամբ Հայաստանը կդառնա ավելի տեսանելի և մրցունակ համաշխարհային շուկայում։

«Ինստիտուցիոնալ բարեփոխումներ են Հայաստանում տեղի ունենում հիմա, որը շատ կարևոր է։ Սա և ծառայությունների որակ ապահովելու մասին է խոսքը, և տեղեկատվական համակարգի կատարելագործման, բարելավման։ Երկու ինստիտուտ է ձևավորվել»։

Նոր օրենքով նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային ծառայություններ մատուցողների և զբոսաշրջային ռեսուրսների էլեկտրոնային գրանցամատյաններ, որոնք կօգնեն վերահսկել ոլորտի որակը և ավելի արդյունավետ մշակել պետական քաղաքականությունը։

Ապրեսյանի դիտարկմամբ՝ գրանցամատյանները թույլ կտան ունենալ ամբողջական տեղեկատվություն թե՛ ոլորտի մասնակիցների, թե՛ զբոսաշրջային ռեսուրսների մասին։ Սա կարևոր քայլ է որակական չափանիշներ սահմանելու և մրցունակությունը բարձրացնելու համար։

Առանձին ուշադրություն է դարձվում նաև մարզերում զբոսաշրջության զարգացմանը։ Նպատակն է, որպեսզի զբոսաշրջային հոսքերը չկենտրոնանան միայն Երևանում, այլ տնտեսական ակտիվություն ապահովեն նաև մարզերում։

«Զբոսաշրջությունը Երևանից դեպի մարզեր ապակենտրոնացնելը ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններից է։ Սա հենց ուղղված է նրան, որ զբոսաշրջությունը ապակենտրոնացնելով՝ մենք նպաստելու ենք նաև համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը»։

Փառատոնները, նոր զբոսաշրջային երթուղիները և մարզային կառավարման նոր համակարգը հենց այս նպատակին են ծառայում։

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանի գլխավոր առավելությունը միայն պատմամշակութային ժառանգությունն ու բնությունը չեն։

Փորձագետի դիտարկմամբ՝ մեր ամենամեծ խաղաքարտը հայ ժողովրդի հյուրընկալությունն է։ Եթե երբևէ կորցնենք այդ առանձնահատկությունը, կկորցնենք մեր ամենակարևոր մրցակցային առավելությունը։

Վերջին տարիներին փոխվել է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների կառուցվածքը։ Եթե նախկինում գերակշռում էին ավելի բարձր տարիքային խմբերը, ապա այժմ այցելուների մեծ մասը մինչև 44 տարեկան երիտասարդներ են, ինչը մասնագետները կապում են զբոսաշրջային առաջարկների բազմազանեցման հետ։

Միաժամանակ ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են՝ 2024 թվականին արձանագրված զբոսաշրջային անկումը կարևոր դաս էր թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի համար։

Մեխակյանի դիտարկմամբ՝ չպետք է կրկին ընկնենք էյֆորիայի մեջ։ Պետք է խուսափել անհիմն գնաճից և միասին մշակել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի կայուն և երկարաժամկետ աճ։

Մեխակ Ապրեսյանն ընդգծում է նաև, որ Հայաստանի մրցունակության համար առանցքային նշանակություն ունեն օդային կապերի ընդլայնումը, ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև ապաշրջափակման գործընթացը՝ Հայաստանի շահերից բխող, կառավարելի սկզբունքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment