ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) չի հրապարակել տեղեկություններ այն մասին, որ անցյալ շաբաթ Իրանի հարվածների հետևանքով Հորդանիայում տասնյակ ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ անցյալ շաբաթ Իրանի զինված ուժերը չորս անգամ հարվածներ են հասցրել Հորդանիայում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պաշտոնապես հայտնել էր միայն հուլիսի 17-ին տեղի ունեցած՝ հարվածների չորրորդ ալիքի հետևանքների մասին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է երկու ամերիկացի զինծառայող, մեկը համարվում է անհետ կորած, չորսը հոսպիտալացվել են, ևս մի քանիսը ստացել են թեթև վնասվածքներ։
Սակայն, ըստ The New York Times-ի, նախորդ երեք հարվածների ընթացքում ևս տասնյակ ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են, սակայն Պենտագոնը դրա մասին չի հայտնել։ Բացի այդ, վնասվել են նաև մի քանի ամերիկյան ռազմական ուղղաթիռներ։
Պենտագոնի ներկայացուցիչը NYT-ին հայտնել է, որ գերատեսչությունը պարտավոր չէ հրապարակել այն վիրավորների մասին տեղեկությունը, որոնց վնասվածքները թեթև են եղել և թույլ են տվել արագ վերադառնալ ծառայության։ Նրա խոսքով՝ նման տեղեկությունների հրապարակումը կարող էր օգնել Իրանի զինված ուժերին գնահատել իրենց հարվածների արդյունավետությունն ու ճշգրտել հետագա գործողությունները։