
Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, որը հաստատվել էր անցյալ ամիս, Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ Ադրբեջանի կողմից վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ գործադրված ճնշման պատճառով, իսրայելական Haaretz պարբերականին հայտնել է աղբյուրը։
Իսրայելական աղբյուրի պնդմամբ՝ վարչապետ Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի ավագ խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել նրա գրասենյակի հետ։
Haaretz-ը տեղեկացել է, որ դրանից հետո Իսրայելի կառավարությունը ադրբեջանցի պաշտոնյաներին հայտնել է, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից և, հետևաբար, չի ընդգրկվի ամառային արձակուրդից առաջ անցկացված քվեարկությունների շարքում։
Ի պատասխան Haaretz-ի հարցման՝ Սաարի գրասենյակը հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության հետևանքով, սակայն որևէ այլ բացատրություն չի ներկայացրել, թե ինչու այն չի դրվել Քնեսեթի քննարկմանը։
«Գոյություն ունի կառավարության որոշում [ճանաչելու ցեղասպանությունը], և այն ընդունվել է միաձայն»,- ասվում է Սաարի հայտարարության մեջ։ «Այն չի փոխվելու, և դա է կարևոր ու պատմական փաստը»։
Պարբերականը գրում է, որ թեև հարցը, ի վերջո, Քնեսեթում քվեարկության չդրվեց, անցյալ շաբաթ Ադրբեջանը ևս մեկ ազդակ հղեց, որը կարող է վկայել Իսրայելի հետ հարաբերությունների որոշակի սառեցման մասին. Ալիևը Բաքվում ընդունեց Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆային։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվել էր, որ Ադրբեջանը շարունակում է աջակցել պաղեստինցիներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) միջոցով։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի քաղաքական խորհրդական Հիքմեթ Հաջիևը չեն արձագանքել Haaretz-ի մեկնաբանություն ստանալու հարցումներին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ynet-ի հետ զրույցում անցյալ ամիս հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:
Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։
«Երբեք ուշ չէ ճիշտ բան անել», -նշել էր արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և հավելել. «Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»:
Հաջորդ օրը Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատեց Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արեց այն վերանայել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելը չարձագանքելուն, «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»: