«Բիզնեսի մեջ ՝ փոքր երեխաների հաշվին գումար աշխատելը չափ ու սահման ունի» . Քաղաքացին բողոքում է Summer Fest Kids and Family-ից

Արևիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Կսահմանափակվեմ «ԱՄՈԹ ձեզ» ասելով. Summer Fest Kids and Family, ԱՄՈԹ ՁԵԶ

Ուրեմն Ֆաբիանան դպրոցի ընկերուհիներից լսել է Կարո բլոգերի մասին։ Երեխեքը հիմա տարված են իրենով։ (Համենայն դեպս, ես մեր YouTube-ից կտրել էի, որ Ֆաբիանան ամենօրյա չտարվի…)

Կարճ ասած՝ երեխան մեզ ասում է, որ Կարոյի համերգն է, խնդրում է տոմս նայենք, քանի որ իր ընկերները գնալու են:

Պարզվում է՝ սկզբում վաճառվել են 6000 դրամանոց տոմսեր, իսկ հետո, ժամանակի ընթացքում, սկսել են բացվել նոր կատեգորիաներ՝ ավելի բարձր գներով։ VIP տոմսերը հասել են 100 000 դրամից ավելիի։

Մենք տոմսն առանք այլ կատեգորիայից՝ ոչ ստանդարտ, ոչ էլ VIP։

Տոմսի վրա նշված էր, որ մուտքը՝ 14:00-ին։

Եկանք համերգի վայր և կանանց ու տղամարդկանց գոռոցներից, երեխաների լացից զարմացած սկսեցի հարցնել՝ ի՞նչ է պատահել։

Պարզվում է՝ Կարոյի ելույթը նախատեսված է միայն ժամը 20:40-ին։

Այսինքն՝ 14:00-ից ծնողներին առաջարկվում է մտնել բացօթյա տարածք՝ առանց նստատեղի, առանց ծածկի, 35+ աստիճան շոգի տակ, և ժամերով սպասել՝ ընթացքում գնելով Կարոյի մայկաներ, հյութեր, չուպաչուպս ու այլ ապրանքներ։

Ավելին՝ պարզվեց, որ նույնիսկ տոմսերի վրա տեղեկատվությունը միասնական չի եղել․ մի մասի վրա նշված է եղել 14:00, մյուսների վրա՝ 15:00։ Մարդիկ, ովքեր տոմսերը գնել են տոմսարկղից, տեսել են, որ միջոցառման սկիզբը նշված է 14:00։

Ես սա համարում եմ անընդունելի վերաբերմունք փոքր երեխաների և նրանց ծնողների նկատմամբ։ Մենք հետ ենք եկել տուն ու չենք վերադառնալու 20:40-ին ….

Մարդիկ եկել էին մարզերից, երեխաների հետ, և հիմա կանգնած էին անորոշ վիճակում՝ չիմանալով՝ ինչ անել մինչև երեկո։ Շատերը խոսում էին տոմսերը վերադարձնելու, նույնիսկ իրավական ճանապարհով հարցը բարձրացնելու մասին։

Երբ փորձեցի կազմակերպիչներից մեկի հետ խոսել, նա, ձեռքին սիգարետ, ինձ պատասխանեց.

«Դու ինձանից տոմս չես առել, որ հետ վերադարձնես։ Գնա ումից առել ես, վաղը զանգիր իրենց»։

Հարյուրավոր ծնողներ այս պահին փոքր երեխաների հետ կանգնած են արևի տակ։

Բիզնեսի մեջ էլ ստելը, մարդկանց թակարդի մեջ գցելը և փոքր երեխաների հաշվին գումար աշխատելը չափ ու սահման ունի։

Քիչ առաջ իմացա, որ երեկ երեկոյան լայնափով story են արել՝ կարծես իրենց ապահովագրելու համար։ Բայց մարդկանց մեծ մասը տոմսերը գնել էր ավելի վաղ՝ տոմսի վրա նշված տեղեկատվությանը վստահելով։ Հետին թվով story-ով հարյուրավոր ծնողների մոլորության խնդիրը չի լուծվում»։ 

Leave a Comment