Ռուսաստանը հրթիռակոծել է հացահատիկ տեղափոխող բեռնատար նավը Սև ծովում. կա առնվազն 6 զոհ

Ռուսական զինված ուժերը Սև ծովում հրթիռային հարված են հասցրել հացահատիկ տեղափոխող «Golden Leo» քաղաքացիական բեռնատար նավին, որի հետևանքով, ուկրաինական կողմի տվյալներով, զոհվել է առնվազն վեց մարդ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղեկացմամբ՝ Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող և թուրքական ընկերությանը պատկանող նավը հարձակման պահին լքում էր մարտական գոտին՝ հացահատիկի բեռով։ Նշվում է, որ ռուսական բանակը նավի ուղղությամբ արձակել է երեք թևավոր հրթիռ։

Հարվածի հետևանքով վնասվել է նավի վերնաշենքը, բռնկվել է հրդեհ։ Սկզբնական տվյալներով հաղորդվել էր հինգ զոհի մասին, սակայն ավելի ուշ Ուկրաինայի վերակառուցման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է վեցի, ևս չորս մարդ համարվում է անհետ կորած։

Զոհվածների թվում է նաև ուկրաինացի օդաչուն։ Ութ անդամից բաղկացած անձնակազմը տարհանվել է Օդեսայի հիվանդանոց։ Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով՝ նավում աշխատել են նաև Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ։

Ուկրաինայի ռազմածովային ուժերը միջադեպը որակել են որպես «ահաբեկչական գործողություն» խաղաղ նավագնացության դեմ՝ հայտարարելով, որ նավը որևէ ռազմական սպառնալիք չէր ներկայացնում։

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնել տուժած երկրների իշխանություններին և միջազգային գործընկերներին։ Նրա խոսքով՝ մշակվում են լրացուցիչ միջոցներ՝ քաղաքացիական նավերի անվտանգությունն ապահովելու համար։

ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան էլ հայտնել է, որ նախորդ օրը ռուսական ուժերը հարձակվել էին նաև Անտիգուայի և Բարբուդայի դրոշի ներքո նավարկող մեկ այլ առևտրային նավի վրա, ինչի հետևանքով զոհվել էր անձնակազմի մեկ անդամ, ևս երեքը՝ վիրավորվել։

Leave a Comment