Հորմուզի Նեղուցը Պատուար ԱՄՆ-Իսրայէլ Դաշինքի…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

1.- Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վերածուեցին համիսլամական սգոյ, ցասումի եւ միաժամանակ բողոք-պահանջատիրութեան կեցուածքների` ընդդէմ ԱՄՆ-Իսրայէլ դաշինքի: Նոյն իսլամական հաւատամքների օրինաչափութեան համաձայն էլ առաջնորդ-իմամի նահատակութեան հեղինակներն` ի դէմս Թրամփ-Նեթանիահուի, արժանի են մահապատժի` անժամկէտ կտրուածքով…

2.- Թէ՛ մինչ եւ թէ՛ յետ իսլամապատեան 14 կէտանոց պայմանագրի ստորագրում, հրադադարի երկուստեք խախտումներն անպակաս եղան, ու այժմս էլ փոխադարձ հրաձգութիւններն ու հրթիռակոծումները չեն դադարում: ԱՄՆ եւ Պարսից ծոցի մէկ-երկու խամաճիկ էմիրանիստեր արդէն 3-4 օր է, որ թիրախ են դարձնում Իրանի հարաւային ծովեզերեայ քաղաքների ու կղզիների նաւթարդիւնաբերական, ինչպէս եւ ուժանիւթային տնտեսական խոշոր ենթակառոյցները: Փոխադարձաբար` Իրանի հրթիռային համակարգերը թիրախաւորում են նոյն այդ էմիրանիստերի տարածքներում տեղակայուած ԱՄՆ ռազմական յենակայանները:

3.- Այս ամէնի կռուախնձոր հանդիսացող Հորմուզի նեղուցն, ինչպէս ռազմաքաղաքական շատ փորձագէտներն են ընդգծում, վերածուել է ռազմավարական խոշոր հնարաւորութեան` յօգուտ Իրանի: Ոմանք նոյնիսկ նման հնարաւորութիւնն համազօր են համարում միջուկային կանխարգելիչ զէնքի, որն ունակ է ինչպէս տարածաշրջանի, այնպէս էլ միջազգային մակարդակում ազդել աշխահաքաղաքական ու տնտեսական-ուժանիւթային հաշուեկշիռների դրական, թէ՛ բացասական տատանումների վրայ:

4.- Անպակաս են, սակայն, Թրամփի ամէնօրեայ եւ արդէն կրկնուող յոխորտանքներն` ընդդէմ Իրանի, որոնք մեծ ու փոքր սպառնալիքներից առաւել` համեմուած են քարոզչական ձեւակերպումներով…

Ինչեւէ, Հորմուզի նեղուցի եւ հակաիրանեան նկրտումների մասին մէկ Չինաստանի եւ մէկ էլ Ռուսաստանի իրանամէտ նախագահների հետ խորհրդակցող Թրամփը յայտարարել է, որ առաջիկային կարեւոր յայտարարութիւններով է հանդէս գալու ԱՄՆ ժողովրդի առջեւ` միաժամանակ յայտնելով, որ ապահովելու է Քոնկրեսի համաձայնութիւնը` Իրանի դէմ պատերազմական իրավիճակի վերականգնման հարցով…

5.- Եթէ ոչ տասնամեակներ, բայց հաստատապէս վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ պատերազմ ու տարբեր կարգի պատժամիջոցներ իրականացնելու մեծագոյն շահագրգիռը հանդիսանում է Իսրայէլը: Փաստ է արդէն, որ թէ՛ 2025-ի 12-օրեայ եւ թէ՛ 2026-ի քառասնօրեայ պատերազմների դրդիչ ու սադրիչ հիմնական գործօնի դերակատարութիւն է ունեցել սիոնիստական վարչակարգը` պատերազմատենչ Նեթանիահուի գլխաւորութեամբ: Իսլամական համակարգը երկու շաբաթուայ ընթացքում փլուզելու նպատակով պատերազմ շղթայազերծած ԱՄՆ-Իսրայէլ դաշինքը, Իրանին մեծագոյն կորուստներ պատճառելով հանդերձ, պարտաւորուեց կրկին յայտնուել բանակցային սեղանի շուրջ եւ ի վերջոյ ստորագրել Իսլամապատի յուշագիր-պայմանագիրը:

6.- Այսօր դարձեալ վերոնշեալ պայմանագրի դրոյթները խախտող Իսրայէլը ոգի ի բռին շահագրգռուած է պատերազմական գործողութիւնների վերսկսմանը` ընդդէմ Իրանի, ելնելով իր պետական, ռազմաքաղաքական եւ, ինչո՞ւ ոչ, գաղափարական հնամենի հայեցակարգից` սիոնիզմից:

Ըստ նոյն հայեցակարգի, ոչ միայն պաղեստինեան երկարամեայ ազատագրական պայքարով դիմադրութեան ելած ժողովուրդը, այլ նոյնինքն այդ պայքարի թիկունքին կանգնած հիմնական հովանաւորող երկիր իսլամական Իրանը հանդիսանում է թշնամի, որին էլ հարկ է ամէն կերպ խոցել:

7.- Ահաւասիկ, համաշխարհային ընտանիքը ակնդէտ ու խոր մտահոգութեամբ սպասում է Պարսից ծոցի եւ մասնաւորապէս իրանապատկան Հորմուզ նեղուցի` ԱՄՆ-Իսրայէլ մեղսակցութեամբ ստեղծուած թնջուկի կարգաւորմանը:

Մէկ բան յստակ է ըստ ամենայնի. Իրանի Իսլամական Հանրապետութիւնը երբեւէ չի բարեկամանալու եւ հաշտութիւն չի կնքելու ԱՄՆ-ի եւ յատկապէս սիոնիստական վարչակարգի հետ` ելնելով իր իսկ քաղաքական, գաղափարական ու պատմական հիմնաւորումներից: Դա այդպէս է, քանզի սրանից 47 տարի առաջ ասպարէզ իջած Իսլամական յեղափոխութեան բուն պատճառները ԱՄՆ-ի հետ պատմաքաղաքական, իսկ մասնաւորապէս Իսրայէլի հետ գոյութենական-գաղափարական տարակարծութիւններն են եղել: Միջին եզր, ցաւօք, ներկայ եւ տեսանելի հեռանկարում դժուար թէ ուրուագծելի լինի…

 

 

Leave a Comment