Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս մասին, հղում անելով աղբյուրին, հայտնել է իսրայելական Haaretz թերթը։
«Քնեսեթը չի անցկացրել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցով քվեարկությունը Ադրբեջանի ճնշման պատճառով», – գրել է պարբերականը։

Թերթի աղբյուրի պնդմամբ՝ Հաջիևը դիմել է Իսրայելի վարչապետի գրասենյակին՝ խնդրելով հարցը չդնել քվեարկության, որից հետո Նեթանյահուն որոշել է արգելափակել դրա քննարկումը։

Պարբերականի տվյալներով՝ Իսրայելի ներկայացուցիչները Բաքվին հավաստիացրել են, որ հարցը հանվել է խորհրդարանի օրակարգից։
Իսրայելի վարչապետի գրասենյակը և Հաջիևը չեն պատասխանել Haaretz-ի հարցումներին։

Իսրայելն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են և համագործակցում են ռազմական, էներգետիկ և հետախուզական ոլորտներում։

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին։ Այն պետք է դրվեր Քնեսեթի քվեարկությանը։ Թուրքական կողմը անմիջապես արձագանքել էր այս նախաձեռնությանը՝ այն համարելով «չարամիտ»։

Ավելի ուշ՝ հուլիսի 13-ին հունական ProtoThema հրատարակությունը գրել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկով պայմանավորված Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության առաջխաղացման գործընթացը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի վերջին, անդրադառնալով հրեական պետության նախաձեռնությանը, նշել էր, որ հայկական կողմը արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում, համարելով, որ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում լրատվամիջոցները հայտնում էին, որ Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջանին և ցուցաբերում է ռազմատեխնիկական օգնություն։

The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին հայտարարել էր, որ Իսրայելը զինում է վարձկաններին, որոնք Լեռնային Ղարաբաղում կռվում են Ադրբեջանի կողմից, և իսրայելական իշխանություններին առաջարկել է հումանիտար օգնությունն ուղարկել ոչ թե Երևանին, այլ հենց նրանց։

Leave a Comment