ԿԿՀ-ն առաջարկում է խստացնել հակակոռուպցիոն օրենսդրությունը. ինչ խնդիրներ է բացահայտել 2025 թվականի ուսումնասիրությունը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը»։ 2025 թվականի տարեկան հաղորդման մեջ հանձնաժողովը ներկայացրել է մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներ՝ հիմնված վերջին տարիների գործնական փորձի վրա։

Հաղորդման համաձայն՝ գործող օրենքներում կան այնպիսի բացեր, որոնք ոչ միայն դժվարացնում են հանձնաժողովի աշխատանքը, այլև որոշ դեպքերում հնարավորություն են տալիս խուսափել պատասխանատվությունից կամ երկարաձգել ընթացակարգերը։

Խնդիրներից մեկը վերաբերում է վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունից հետո պաշտոնատար անձի կողմից հրապարակային պարզաբանում ներկայացնելուն։ Այսօր օրենքը նման պարտականություն նախատեսում է, սակայն չի սահմանում, թե ինչ ժամկետում պետք է ներկայացվի պարզաբանումը և ինչ պատասխանատվություն է առաջանում, եթե այն ընդհանրապես չներկայացվի։ Հանձնաժողովն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել ինչպես հստակ ժամկետ, այնպես էլ պատասխանատվության մեխանիզմ։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ հրապարակվող պարզաբանումը պետք է վերաբերի արձանագրված խախտման հանգամանքներին, այլ ոչ թե վերածվի հանձնաժողովի եզրակացությունը հերքելու փորձի։

Մեկ այլ խնդիր վերաբերում է դիմումների քննության ժամկետներին։ Ներկայում հանձնաժողովը պարտավոր է ընդամենը հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշել՝ հարուցե՞լ վարույթ, մերժե՞լ այն, թե՞ վերադարձնել դիմումը։ ԿԿՀ-ի գնահատմամբ՝ նման կարճ ժամկետը գործնականում թույլ չի տալիս նախնական ուսումնասիրություն կատարել, անհրաժեշտ հարցումներ ուղարկել կամ հավաքել բավարար փաստական տվյալներ։ Այդ պատճառով առաջարկվում է օրենսդրորեն նախատեսել նախնական ուսումնասիրության փուլ, որը հնարավորություն կտա մինչև վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը գնահատել ներկայացված տեղեկությունների հիմնավորվածությունը։

Հանձնաժողովը ուշադրություն է հրավիրում նաև իրավական հակասության վրա։ Գործող կարգավորումներով վարքագծի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվի խախտման մասին տեղեկանալուց հետո մեկ տարվա ընթացքում, սակայն օրենքը հստակ չի կարգավորում, թե ինչ պետք է տեղի ունենա, եթե այդ ժամկետն անցել է։ ԿԿՀ-ն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել, որ նման դեպքերում դիմումը կարող է թողնվել առանց քննության՝ վերացնելով իրավական անորոշությունը։

Հաղորդման մեջ առանձին անդրադարձ կա նաև պետական ծառայողների վարքագծի կանոնների կիրառմանը։ Հանձնաժողովը փաստում է, որ մի շարք պետական մարմիններում վարքագծի կանոնները ներառվել են ներքին կարգապահական կանոնակարգերում, ինչի հետևանքով էթիկական և կարգապահական պատասխանատվության սահմանները հաճախ խառնվում են։ Ըստ ԿԿՀ-ի՝ այս մոտեցումը կարող է տարբեր մարմիններում հանգեցնել նույն խախտման տարբեր մեկնաբանությունների և իրավական անհավասար կիրառման։

Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև պաշտոնատար անձանց գործունեությանը սոցիալական ցանցերում։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ պաշտոնյաներ անձնական և պաշտոնական հաղորդակցությունը վարում են նույն էջերով, ինչն առանձին դեպքերում կարող է վնասել հանրային ծառայության հեղինակությանը։ Այդ խնդիրը լուծելու նպատակով ԿԿՀ-ն նախաձեռնել է սոցիալական ցանցերում պաշտոնատար անձանց վարքագծի միասնական ուղեցույցի մշակումը՝ վարչապետի աշխատակազմի հետ համագործակցությամբ։

Հանձնաժողովը նաև առաջարկում է վերանայել վարչական դատավարության առանձին կարգավորումներ։ Հաղորդման համաձայն՝ ներկայում կան դեպքեր, երբ դատարանի որոշումները փաստացի հնարավոր չէ բողոքարկել, նույնիսկ եթե հանձնաժողովի կարծիքով դատարանը դուրս է եկել իր իրավասության սահմաններից։ ԿԿՀ-ն գտնում է, որ նման իրավիճակները պետք է վերացվեն օրենսդրական փոփոխությունների միջոցով՝ ապահովելով ավելի ամբողջական դատական վերահսկողություն։

Leave a Comment