Կփոխվի հիվանդության հիմքով պատժից ազատման պրակտիկան․ նոր նախագծի կարգավորումները

Հիվանդության հիմքով պատժից ազատելը կամ պատժի հետաձգումը  նախատեսված է այն դեպքերի համար, երբ անձի առողջական վիճակը թույլ չի տալիս կրել նշանակված պատիժը։ Միաժամանակ այս ինստիտուտը ենթադրում է ոչ միայն անձի առողջական վիճակի գնահատում, այլև իրավական վերահսկողության մեխանիզմներ, քանի որ առողջական վիճակի փոփոխության դեպքում դատարանը կարող է վերանայել նախկինում ընդունված որոշումը։

Օրենսդրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է հստակեցնել այն անձանց նկատմամբ վերահսկողության կարգը, որոնք հիվանդության հիմքով ազատվել են պատժից կամ ստացել են պատժի նշանակման հետաձգում։ Նախատեսվում է, որ այդ անձինք գտնվելու են Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո և պարբերաբար պետք է ներկայացվեն բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովների գնահատմանը։

Կարևոր դեր է վերապահվում բժշկական և հոգեբուժական հանձնաժողովների եզրակացություններին։ Դրանց հիման վրա պետք է գնահատվի՝ արդյոք անձի առողջական վիճակը շարունակում է խոչընդոտել պատժի կատարմանը։ Այս համատեքստում մասնագիտական քննարկումների հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչպիսի երաշխիքներ պետք է ապահովեն այդ եզրակացությունների անկախությունն ու օբյեկտիվությունը։

Նախագծի մանրամասները Իրավական շաբաթի շրջանակներում ներկայացրել են  ԱՆ ՔՕ, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի ավագ մասնագետ Նաիրա Ղարիբյանը և  «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական ընկերության փաստաբան դավիթ Դիլբարյանը։

Leave a Comment