Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին երկրի գերագույն առաջնորդ նշանակվելուց հետո անձամբ չի հանդիպել նրան։
Արաղչիի խոսքով՝ նոր առաջնորդի հետ հանդիպելու հնարավորություն է ունեցել մարդկանց «շատ փոքր շրջանակ»։ Նա նշել է, որ Մոջթաբա Խամենեիի հետ անձնական հանդիպումները բացառիկ բնույթ են կրում, և նրան կարող են հանդիպել միայն ընտրյալները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվում և գտնվում է խիստ պահպանվող վայրում։ Տարբեր հրապարակումներում նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրա շփումները սահմանափակված են, ինչը նաև բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել նրա առողջական վիճակի վերաբերյալ։
Սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, և իրանական իշխանությունները չեն մեկնաբանել այդ հրապարակումները։
«Նրա հետ հանդիպում են միայն ընտրյալները»․ Իրանի ԱԳ նախարարը չի տեսել նոր գերագույն առաջնորդին