ՀՀ կառավարությունը 2026 թվականի հուլիսի 16-ի նիստում հաստատել է նախագիծ, որով պետական մարմինների կողմից ստեղծված և օգտագործվող տեղեկատվական համակարգերն ու տվյալների շտեմարանները կարող են ներառվել մեկ միասնական կառավարչական համակարգում։ Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է ստեղծել պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգ և հաստատել դրա կիրառման կարգը։Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։
Պարզ ասած՝ նախատեսվում է ձևավորել պետական տեղեկատվական համակարգերի, տվյալների շտեմարանների, դրանց կառավարիչների, իրավական հիմքերի և տեխնիկական նկարագրությունների միասնական կատալոգ։
Բայց ի՞նչ խնդիր է փորձում լուծել այս նախագիծը և ի՞նչ տվյալների մասին է խոսքը։
Ի՞նչ է փոխվելու
Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում ներկայումս բացակայում է պետական տեղեկատվական համակարգերի միասնական կառավարչական համակարգը։ Արդյունքում պետական մարմինների տեղեկատվական համակարգերը հաճախ զարգանում են տարբեր, ոչ ստանդարտացված լուծումներով։
Սա կարող է առաջացնել մի շարք խնդիրներ՝ տեղեկատվական համակարգերի միջև փոխգործելիության, տվյալների կառավարման, դրանց փաստաթղթավորման և համակարգերի զարգացման պլանավորման հարցերում։
Նախագծով առաջարկվում է ստեղծել համակարգ, որը կգործի որպես պետական տեղեկատվական համակարգերի ազգային գրանցամատյան։
Այսինքն՝ մեկ համակարգում հնարավոր կլինի տեսնել՝
- ինչ տեղեկատվական համակարգեր են կազմում պետական տեղեկատվական համակարգը,
- ինչ տեսակի տվյալներ են հավաքագրվում և մշակվում պետական տվյալների շտեմարաններում,
- որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն է տվյալների շտեմարանի կառավարիչը,
- ովքեր են պատասխանատու կոնտակտային անձինք,
- ինչ իրավական հիմքով են տվյալները հավաքվում և մշակվում,
- ինչպես են նկարագրված տվյալների շտեմարանների տեխնիկական և սեմանտիկ բաղադրիչները։
Ո՞վ է պատասխանատու տվյալների համար
Նախագծով նախատեսվում է հստակեցնել պետական տեղեկատվական համակարգերում ներկայացվող տվյալների համար պատասխանատու մարմինների դերերը։
Սա կարևոր հարց է, քանի որ պետական տվյալների շտեմարաններում առկա տեղեկատվությունը մշտապես փոփոխվում է։ Օրինակ՝ կարող են փոխվել տվյալների հավաքագրման եղանակները, տվյալների տեսակները, համակարգի տեխնիկական կառուցվածքը կամ տվյալների մշակման իրավական հիմքերը։
Նոր համակարգը պետք է հնարավորություն տա ոչ միայն գրանցել տվյալների շտեմարանները, այլև փաստաթղթավորել դրանց փոփոխությունները։
Տվյալների շտեմարանները պետք է «անձնագիր» ստանան
Նախագծի համաձայն՝ պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանները պետք է փաստաթղթավորվեն։
Այս գործընթացը վերաբերելու է նաև այն տվյալների շտեմարաններին, որոնք ստեղծվել և գործում են մինչև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի ուժի մեջ մտնելը։
Դրանց լիազորված մարմինները պետք է տվյալների շտեմարանների փաստաթղթերը պատրաստեն մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
Միաժամանակ սեմանտիկ նկարագրություններին վերաբերող տվյալները և նախագծով նախատեսված այլ տվյալները պետք է ՊՏՀ կառավարչական համակարգ մուտքագրվեն ամենաուշը մինչև 2027 թվականի հոկտեմբերի 1-ը։
Այսինքն՝ պետական գործող տեղեկատվական համակարգերը պետք է ոչ միայն գոյություն ունենան, այլև ունենան համակարգված փաստաթղթավորում։
Ինչո՞ւ է սա կարևոր քաղաքացիների համար
Առաջին հայացքից նախագիծը կարող է թվալ զուտ տեխնիկական և վարչական բնույթի։ Սակայն դրա հիմքում քաղաքացիների տվյալների կառավարման կարևոր հարցեր են։
Պետական մարմինները քաղաքացիների վերաբերյալ մշակում են բազմաթիվ տվյալներ՝ սոցիալական, հարկային, առողջապահական, կրթական, քաղաքացիական կացության, անշարժ գույքի, տրանսպորտային և այլ բնույթի։
Այս համակարգերի միասնական կառավարման բացակայությունը կարող է բարդացնել տվյալների փոխգործելիությունը և դրանց կառավարման վերահսկողությունը։
Նոր համակարգի նպատակն է պետական տեղեկատվական համակարգերի համար ստեղծել ընդհանուր կառավարման միջավայր։
Իսկ անձնական տվյալների պաշտպանությո՞ւնը
Նախագիծը նախատեսում է նաև համապատասխանության գնահատման գործընթացում ներգրավված մարմինների դերաբաշխում։
Հատկապես կարևորվում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում լիազորված մարմնի հետ փոխգործակցությունը։
Այսինքն՝ պետական տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու կառավարումը պետք է իրականացվի ոչ միայն տեխնիկական, այլև տվյալների պաշտպանության պահանջների հաշվառմամբ։
Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տարբեր պետական համակարգեր կարող են պարունակել քաղաքացիների անձնական տվյալներ։
Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նոր համակարգը
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի ստեղծումը պետք է նպաստի՝
- պետական տեղեկատվական համակարգին միանալու համար ներկայացված տվյալների շտեմարանների համապատասխանության գնահատմանը,
- տվյալների շտեմարանների կառավարիչների և գնահատող մարմինների միջև հաղորդակցության պարզեցմանը,
- ներգրավված պետական մարմինների դերերի հստակեցմանը,
- տվյալների շտեմարանների փաստաթղթավորմանը,
- համակարգերի և տվյալների փոփոխությունների պահպանմանը։
Նախագծով նախատեսվում է նաև օգտատերերի աջակցության համակարգ, որը պետք է ներառի միջադեպերի և խնդիրների կառավարման ընթացակարգեր, փոփոխությունների կառավարման համակարգ և մշտադիտարկման մեխանիզմներ։
Նոր համակարգը լրացուցիչ գումա՞ր կպահանջի
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա։
Պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Նախագիծը մշակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հետ համատեղ։
Ի՞նչ է ստացվում արդյունքում
Նախագծի ընդունման դեպքում պետությունը փորձում է ստեղծել իր տեղեկատվական համակարգերի միասնական «քարտեզը»։
Այդ քարտեզը պետք է ցույց տա՝ ինչ համակարգեր կան պետական հատվածում, ինչ տվյալներ են դրանք պարունակում, ով է պատասխանատու դրանց համար և ինչ իրավական ու տեխնիկական հիմքով են դրանք գործում։
Հաջողության դեպքում պետական տեղեկատվական համակարգերի կառավարման մոտեցումը կփոխվի՝ առանձին, իրարից անկախ համակարգերից դեպի ավելի միասնական և փաստաթղթավորված միջավայր։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։