Կառավարությունը կնվազեցնի հարկադիր մորթված կենդանիների փոխհատուցման չափը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Կառավարության հուլիսի 16-ի չզեկուցվող նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել կենդանիների վարակիչ հիվանդությունների հետևանքով անկած, ոչնչացված կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը։ Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է մեկ միավոր կենդանու համար փոխհատուցման չափը շուկայական արժեքի 55%-ից նվազեցնել մինչև 40%՝ պետության ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով։Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 28-րդ կետերի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը, որոնք դեռևս սահանված չեն ՀՀ կառավարության կողմից:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 846-Ն որոշմամբ կարգավորվում են անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության հետ կապված հարաբերությունները:

Այս առումով հարկ է նշել, որ անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծով վերոգրյալ որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ (զոոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը։

Հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման կարևոր բաղադրիչ է հանդիսանում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցում տրամադրելու գործընթացը, քանի որ այն միտված է գյուղատնտեսության զարգացմանը և սննդամթերքի անվտանգության ապահովմանը։

Նախագծով առաջարկվող կարգավորումները մշակվել են՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության և եվրոպական մի շարք երկրների փորձը՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և հարկադիր ոչնչացման դեպքում փոխհատուցման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ։

Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի նպատակն է սահմանել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման իրավակարգավորումը, որը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։

Նախագծով նախատեսված է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգի հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներին, իսկ փոխհատուցման չափը մեկ միավորի դիմաց կհաշվարկվի շուկայական գնի 40%-ի չափով։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարում՝ բռնկման և տարածման կանխումը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներմուծման համար, կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Սույն նախագծի ընդունման արդյունքում հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, որը կխթանի տնտեսավարողների շրջանում անասնապահության զարգացմանը։

Միաժամանակ, փոխհատուցման չափը միավորի դիմաց 55%-ից 40%-ի նվազեցնելու արդյունքում` կթեթևանա պետության ֆինանսական բեռը։

Leave a Comment