
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցող Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը մեկնել է Մոսկվա՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ անցկացնելու համար, հայտնել է Լավրովի գրասենյակը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չոե Սոն Հուին Լավրովի հրավերով «պաշտոնական այցով հուլիսի 18-ին կժամանի Ռուսաստանի Դաշնություն»:
Փհենյանն ու Մոսկվան ամրապնդել են իրենց կապերը 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
Երկու երկրները ռազմական փոխօգնության պայմանագիր են ստորագրել 2024 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Փհենյան։
Հյուսիսային Կորեան Ռուսաստանին Ուկրաինայի հարցում աջակցելու համար ուղարկել է հրթիռներ, զինամթերք և հազարավոր զինվորականներ: Վերլուծաբանների կարծիքով՝ դրա դիմաց Մոսկվան մեկուսացված այդ երկրին աջակցություն է տրամադրում ֆինանսական միջոցներով, ռազմական տեխնոլոգիաներով, սննդով և էներգակիրներով։
Ապրիլին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացավ օգնել Ռուսաստանին հաղթել իր «սրբազան» պատերազմում։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ապրիլին այցելել են Փհենյան՝ ռազմական կապերի ամրապնդման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։