ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերությունները կապարակնքելուց առաջ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում և առանձին վաճառակետերում, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով առևտրի կենտրոնի աշխատակիցներին և տնօրինությանը։

Աշխատակիցների տվյալներով՝ ստուգումների արդյունքում ավելի քան 20 վաճառող տուգանվել է 600 հազարական դրամով։

«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը ստուգումների ընթացքում առգրավել է փաստաթղթեր և համակարգչային կրիչներ։ Նրա խոսքով՝ վաճառակետերի տուգանումը տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ նախքան Ծառուկյանի դեմ իրավական գործընթացների մեկնարկը։

Թերթի տվյալներով՝ իշխանությունները մտադիր են ԲՀԿ առաջնորդից վերցնել նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա հակամարտություն էր սկսվել  նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ միլիարդատեր քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Նույն ժամանակահատվածում վարչապետը հայտարարել էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետական վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին, որից հետո նախաձեռնվել էին ձեռնարկության գործունեությանը վերաբերող վարույթներ։

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերություններում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին, այդ թվում՝ իրանցի գործարարների հետ կապված քրեական գործով։

Նրան պատկանող բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչը հարուցել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կազմակերպելու և դրամական միջոցների օրինականացման՝ փողերի լվացման համար։

Ծառուկյանը նաև անցնում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու գործով, որի շրջանակում նրան արգելվել է լքել Հայաստանը։ Նա մեղադրվում է նաև ապօրինի որսի համար։ Այդ քրեական վարույթի շրջանակում նրա առանձնատնից առգրավվել են կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Առյուծներից մեկը չի արթնացել ուժայինների կողմից քնաբեր դեղամիջոց ներարկելուց հետո։

Ծառուկյանի կալանավորումից հետո նրա հետ կապվող ձեռնարկությունների աշխատակիցները սկսել են բողոքի ակցիաներ՝ պահանջելով հանել կնիքները և վերականգնել ընկերությունների աշխատանքը։ Բողոքի ակցիաների են մասնակցել «Մուլտի Սթոուն», «Մուլտի Տաբակ», «Մուլտի Գրանդ» հյուրանոցի, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի և «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի աշխատակիցները։

Ակցիաների մասնակիցները հայտարարում են, որ քննչական գործողությունները հնարավոր է իրականացնել առանց արտադրությունը դադարեցնելու, իսկ ձեռնարկությունների փակումը հազարավոր աշխատակիցների զրկել է աշխատանքից և կարող է զգալի տնտեսական կորուստների հանգեցնել։

Կարդացեք նաև՝

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

Leave a Comment