ԲԴԽ-ում քննվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 16-ին բաց դատական նիստում քննության առավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Նիստի սկզբում պարզվեց, որ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները չէին ներկայացրել իրենց լիազորությունները հավաստող փաստաթղթերը, ինչի պատճառով ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց կարճատև ընդմիջում։ Փաստաթղթերի ներկայացումից հետո նիստը շարունակվեց։

Նիստի ընթացքում ԲԴԽ անդամ Աշոտ Հայրապետյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ դատավոր Կարեն Ֆարխոյանի հետ ունի երկարամյա ընկերական հարաբերություններ։ Խորհուրդը խորհրդակցական սենյակում քննարկեց հարցը և բավարարեց ինքնաբացարկը, ինչի արդյունքում Հայրապետյանը չմասնակցեց հետագա քննությանը։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը ներկայացրեց կարգապահական վարույթի հիմքերը։ Նրա խոսքով՝ կարգապահական վարույթը հարուցվել է քաղաքացի Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա։ Ըստ նախարարության՝ թիվ ԵԴ/0597/11/25 գործով դատավորը օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում չի կայացրել կամ առնվազն չի տրամադրել դատական ակտը, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 19-ով թվագրված որոշումը բողոք ներկայացրած անձին ուղարկվել է միայն 2026 թվականի ապրիլի 14-ին՝ օրենքով նախատեսված ժամկետից շուրջ երեք ամիս 26 օր ուշ։

Նախարարության ներկայացուցիչը պնդեց, որ դատավորի գործողություններով խախտվել են Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնները, և խնդրեց ԲԴԽ-ին բավարարել նախարարի միջնորդությունը և դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության։

ԲԴԽ անդամների հարցերին պատասխանելով՝ Ներսես Զեյնալյանը նշեց, որ տվյալ վարույթում դատավորի ծանրաբեռնվածության վերաբերյալ առանձին տեղեկանք չի պահանջվել, քանի որ նախարարությունը դա վճռորոշ հանգամանք չի համարել։ Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է դատական երաշխիքների վարույթին, որտեղ օրենքը պահանջում է հնարավորինս արագ արձագանքել։ Ըստ նրա՝ նման ուշացումները վնասում են քաղաքացիների վստահությանը դատական համակարգի նկատմամբ։ «Քաղաքացին ակնկալում է ժամանակին արդարադատություն։ Ուշացած արդարադատությունը որոշակի իմաստով հավասարազոր է մերժված արդարադատությանը»,– հայտարարեց նախարարության ներկայացուցիչը՝ որպես հիմնական հետևանք նշելով դատական իշխանության հեղինակազրկումը։

Ի պատասխան ներկայացված մեղադրանքների՝ դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ գործը դատարանում ստացվել է 2025 թվականի նոյեմբերին, անհրաժեշտ գործընթացներն իրականացվել են, իսկ բողոքը մերժելու որոշումը կայացվել է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։ Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է ոչ թե որոշման կայացմանը, այլ դրա հետագա ուղարկմանը և տեղեկատվական համակարգում տեղադրմանը։ Ֆարխոյանը պնդեց, որ այդ ընթացքում ունեցել է չափազանց մեծ ծանրաբեռնվածություն։ «Այդ ժամանակ իմ վարույթում գտնվում էր շուրջ 160 ըստ էության քննվող քրեական գործ, չհաշված միջդատական վարույթները, որոնց թիվը շուրջ 380 էր»,– ասաց դատավորը։

Նրա խոսքով՝ վարույթում կային նաև բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր քրեական գործեր, որոնցով կալանավորված անձինք էին անցնում, և առաջնահերթ ուշադրությունը կենտրոնացած էր այդ գործերի քննության վրա։ Դատավորը հայտարարեց, որ ուշացման շրջանում ունեցել է առողջական խնդիրներ և պատրաստ է ներկայացնել համապատասխան բժշկական փաստաթղթեր, սակայն չի ցանկանում, որ դրանք հրապարակվեն։ Այս կապակցությամբ ԲԴԽ-ն որոշեց կարճ ժամանակով անցնել դռնփակ նիստի՝ բժշկական գաղտնիք պարունակող փաստաթղթերը ուսումնասիրելու նպատակով։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո նիստը շարունակվեց բաց ռեժիմով։

Եզրափակիչ ելույթում նախարարության ներկայացուցիչը նշեց, որ նախկինում նույն դատավորի նկատմամբ արդեն հարուցվել էր նմանատիպ կարգապահական վարույթ, սակայն այն կարճվել էր՝ առողջական խնդիրների վերաբերյալ ներկայացված պարզաբանումների հիման վրա։ Նրա խոսքով՝ այս գործով ևս հիմնական պատճառաբանությունը վերաբերում է ոչ թե որոշման բովանդակությանը, այլ դատավորի կողմից աշխատակազմի աշխատանքի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելուն, ինչը, ըստ նախարարության, վերագրելի է հենց դատավորին։

Եզրափակիչ խոսքում Կարեն Ֆարխոյանը կրկին ընդգծեց, որ քրեական դատարանների դատավորները գործում են գերծանրաբեռնված պայմաններում։ Նրա խոսքով՝ գործերի քանակը միշտ չէ, որ արտացոլում է իրական ծանրաբեռնվածությունը, քանի որ մեկ բազմամեղադրյալ քրեական գործը կարող է համարժեք լինել տասնյակ սովորական գործերի։ Դատավորը նաև նշեց, որ հաճախ դատական ակտեր է կազմում ուշ գիշերին, իսկ հաջորդ առավոտյան արդեն շարունակում է դատական նիստերը՝ ընդգծելով, որ ֆիզիկապես հնարավոր չէ մշտապես վերահսկել նաև աշխատակազմի բոլոր կազմակերպչական գործողությունները։

Լսելով կողմերի եզրափակիչ ելույթները՝ Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ։ ԲԴԽ նախագահը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի 2026 թվականի հուլիսի 21-ին, ժամը 14:00-ին:

Leave a Comment